Armlur.am -ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին Եղեգնաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ն լուրջ ջանքեր է գործադրում սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։ Armlur.am -ի տեղեկություններով՝ իշխանական թիմը քարոզարշավի վերջին օրերին մոբիլիզացրել է իր ուժերը։ ՔՊ-ական պաշտոնյաներն ու պատգամավորները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ակտիվորեն ներգրավված են նախընտրական աշխատանքներում՝ նպատակ ունենալով հնարավորինս մեծացնել իրենց թեկնածուի հաղթելու հնարավորությունները։ Մեր աղբյուրները պնդում են, որ քարոզչական աշխատանքներն իրականացվում են բավական ակտիվ՝ ՔՊ-ականների լայն ներգրավվածությամբ։ Ըստ այդ տեղեկությունների՝ գործընթացում առանձնապես ակտիվ են Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյան, Տրդատ Սարգսյանը, Լևոն Լևոնյանը, Միքայել Խաչատրյանը, որոնց մասնակցությամբ իշխանական թիմը փորձում է առավելագույնս ուժեղացնել իր դիրքերը Եղեգնաձորում։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված իշխանական թիմի այսպիսի ակտիվությունը։ Արդյո՞ք ՔՊ-ն մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքով, և արդյո՞ք իշխանության ներկայացուցիչների այսքան ակտիվ ներգրավվածությունը վկայում է, որ Եղեգնաձորի ընտրապայքարը իշխանության համար սովորական տեղական ընտրություն չէ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Եղեգնաձոր խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Նոր դարաշրջան» կուսակցությունները։ ՔՊ-ի ընտրացուցակը գլխավորում է Արենիի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Ընտրություններին ընդառաջ արդեն իսկ հրապարակումներ են եղել ՔՊ-ի թեկնածուի քարոզչական գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, «Հետք»-ը գրել է, որ Հուսիկ Սահակյանը նախընտրական հանդիպում է ունեցել Շատին բնակավայրի դպրոցում՝ ուսուցիչների հետ։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝ նախընտրական նյութերի տարածման համար օգտագործվել է նաև Արենիի համայնքապետարանի նախկին պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ Առաջիկա օրերը ցույց կտան, թե որքանով է ՔՊ-ի ակտիվ քարոզարշավը վերածվելու ընտրական արդյունքի, և արդյոք ընտրապայքարում հավասար հնարավորություններ կապահովվեն բոլոր մասնակիցների համար։ Սոնա Գրիգորյան