Իսրայելը պետք է առաջիկա երկու տարում՝ մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը, ավարտի իր կարևորագույն խնդիրների իրականացումը բոլոր ճակատներում։ Այս կարծիքն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նախընտրական ուղերձում։ «Իմ բարեկամ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետից մեզ մնացել է ևս երկու տարի, և հենց այդ ընթացքում մենք պետք է ավարտենք մեր կարևորագույն խնդիրների իրականացումը բոլոր ճակատներում»,- ընտրողներին ուղղված ուղերձում հայտարարել է Նեթանյահուն։ Այն հրապարակվել է X սոցիալական ցանցում։ Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել էր, որ 2023 թվականից Իսրայելը «պատերազմ է վարում յոթ ճակատում»՝ նկատի ունենալով Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափը, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Իրանը և Եմենը։ Խոսելով Քնեսեթի՝ Իսրայելի խորհրդարանի առաջիկա ընտրությունների մասին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ դրանք «ճակատագրական նշանակություն ունեն» երկրի ապագայի համար։ Նա պնդել է, որ ձախակողմյան և արաբական կուսակցությունների մասնակցությամբ ընդդիմադիր դաշինքի հաղթանակը կհանգեցնի անկախ Պաղեստինի ստեղծմանը։ Նեթանյահուի պնդմամբ՝ միայն իր «Լիկուդ» կուսակցությունն ու դրա շուրջ ձևավորված աջ, ծայրահեղ աջ և կրոնական ուժերի կոալիցիան կարող են կանխել Պաղեստինի պետականության ճանաչումը։ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին։ Դրանց արդյունքում կձևավորվի նոր գումարման Քնեսեթը, որից հետո ամենաշատ մանդատ ստացած կուսակցության առաջնորդին կհանձնարարվի նոր կառավարության ձևավորումը։ Վերջին հարցումների համաձայն՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի դաշինքն ու միավորված ընդդիմությունը հավասար դիրքերում են։ Սակայն կողմերից ոչ մեկը չի ստանում Քնեսեթի 120 տեղերից առնվազն 61-ը, որոնք անհրաժեշտ են կառավարող կոալիցիա ձևավորելու համար։