Իտալիայում մի քանի օր շարունակվող անկարգությունների ընթացքում ձերբակալվել է գրեթե 200 մարդ։ Այս մասին հայտնում է իտալական Sky TG24 հեռուստաալիքը։ Բերգամոյում, Բոլոնիայում, Միլանում և Թուրինում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 197 մարդ, այդ թվում՝ 12 անչափահաս և 6 օտարերկրացի։ Հաղորդվում է, որ վիրավորվել է ոստիկանության 141 աշխատակից։ Վարչապետ Ջորջա Մելոնիի քաղաքականության դեմ բողոքի ակցիաները մեկնարկել են հոկտեմբերի 16-ին, երբ Իտալիայի բազմաթիվ քաղաքներում ուսանողական երթեր են անցկացվել։ Ցույցերը շարունակվել են նաև հոկտեմբերի 17-ին, երբ երիտասարդներին միացել են երկրի խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի ընդհանուր իտալական համադաշնության (CGIL) անդամները։ Վերջին տվյալներով՝ Միլանում հավաքվել է շուրջ 5 հազար ցուցարար, Թուրինում՝ 3 հազար, Բոլոնիայում՝ 2 հազար, Բրեշիայում՝ 600, իսկ Բերգամոյում՝ 800 մարդ։ Վարչապետ Մելոնին հայտարարել է, որ ցույցերին մասնակցելը իտալացիների իրավունքն է, սակայն դատապարտել է անկարգությունները։ «Ես խորապես հարգում եմ հազարավոր մարդկանց, որոնք այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խաղաղ կերպով արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Ինչ գաղափարներով էլ պայմանավորված լինի բողոքը, դրան մասնակցելը ցանկացած առողջ ժողովրդավարության հիմքն է»,- գրել է Մելոնին X սոցիալական ցանցում։ Միաժամանակ նա նշել է, որ խուլիգանները ցույցերն օգտագործում են քաոս ստեղծելու, անվտանգությունն ապահովող ուժերի վրա հարձակվելու և ամբողջ քաղաքները պատանդ պահելու համար՝ կոչ անելով պահպանել հասարակական կարգը։