ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եվրամիության ներկայացուցիչներին առաջարկել են կրկին ավելացնել ռուսական գազի գնումները, որոնք կրճատվել էին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Այս մասին հայտնել են The New York Times -ի աղբյուրները։ Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինային առաջարկել են վերսկսել ռուսական գազի տարանցումը։ Թրամփի հատուկ բանագնացները ռուսական գազի արտահանումը Եվրոպա վերականգնելը դիտարկում են որպես խաղաղ կարգավորման մաս։ Նրանք կարծում են, որ դա ձեռնտու կլինի ինչպես Ուկրաինային, որը կկարողանա վերականգնել տարանցումից կորցրած եկամուտները, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնց ընտրողները դժգոհ են էներգակիրների գների բարձրացումից։ Եվրոպական կողմը մերժել է Ուիթքոֆի և Քուշների առաջարկը, հայտնել են The New York Times-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ որոշ եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներ կարծում են, որ ԱՄՆ-ն ձգտում է վերականգնել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա նաև այն պատճառով, որ ցանկանում է մասնաբաժին ստանալ դրա արտահանումից։ Եվրամիությունը շարունակում է ռուսական գազ գնել, սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այդ գնումները զգալիորեն կրճատվել են։ Եթե 2021 թվականին ռուսական գազն ապահովում էր ԵՄ-ի գազի պահանջարկի 45%-ը, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 13%։ Ուկրաինան 2025 թվականից դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Եվրոպա՝ կորցնելով տարեկան շուրջ մեկ միլիարդ դոլար տարանցման վճարներից։ Վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփը պայմանավորվել է Վլադիմիր Պուտինի հետ համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ, հրաժարվել է Ռուսաստանի դեմ կիրառել «դժոխային պատժամիջոցները» և սկսել է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ պահանջելով դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները։ Թրամփը հայտարարել է, որ այդ հարվածները բարձրացնում են դիզելային վառելիքի գներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Սակայն, ըստ հրապարակման, դիզելային վառելիքի թանկացման հիմնական պատճառը ԱՄՆ-ի պատերազմն է Իրանի դեմ և Հորմուզի նեղուցի շրջափակումը։