ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է գյուղատնտեսներին և ոլորտի ներկայացուցիչներին Գյուղատնտեսի օրվա առթիվ: «Սիրելի՛ գյուղատնտեսներ, ոլորտի ներկայացուցիչներ և աշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսի օրվա առթիվ։ Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, իսկ ձեր աշխատանքը՝ պարենային անվտանգության, գյուղական համայնքների զարգացման և երկրի տնտեսական առաջընթացի կարևոր հիմքերից մեկը։ Այն պահանջում է գիտելիք, հետևողականություն, պատասխանատվություն և նվիրում։ Այսօր գյուղատնտեսության զարգացման առաջնահերթություններից է ինտենսիվացումը՝ ավելի արդյունավետ, ժամանակակից և մրցունակ արտադրություն ապահովելու նպատակով։ Ռեսուրսների խելամիտ օգտագործումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և արտադրողականության բարձրացումը հնարավորություն են տալիս առավել արդյունավետ օգտագործել ոլորտի ներուժն ու ապահովել կայուն արդյունքներ։ Այս ուղղությամբ կարևոր դեր ունեն նաև նախարարության պետական աջակցության ծրագրերը, որոնք միտված են գյուղատնտեսության արդիականացմանը, տեխնիկական հագեցվածության բարելավմանը, ներդրումների խթանմանը և տնտեսավարողների հնարավորությունների ընդլայնմանը։ Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության և հետևողական աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր երկրի գյուղատնտեսության զարգացման»,- գրել է նա։