ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի իշխանությունների կողմից Հայոց առաքելական եկեղեցու դեմ իրականացվող գործողություններն անընդունելի և անթույլատրելի են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Նա ընդգծել է, որ հայոց եկեղեցին դարեր շարունակ միավորել է աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին՝ առաջնորդելով նրանց քրիստոնեական արժեքներով։«Հայոց եկեղեցին եղել և մնում է ազգային սրբազան ժառանգության պահապանն ու հայ ինքնության պահպանման երաշխավորը»,– նշել է Եզրաս արքեպիսկոպոսը։Իր խոսքի ավարտին թեմակալ առաջնորդը մաղթել է, որ Հայոց եկեղեցին անսասան մնա՝ վկայակոչելով նաև Աստվածաշունչը։Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:Նշենք նաև, որ սեպտեմբերի 24-ին հրապարակվեցհակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, որը հայտնի է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։