Լիբանանը պատվիրակություն կուղարկի ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականների հանդիպմանը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Ֆլորիդա նահանգի Թամպա քաղաքում։ Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը՝ հստակեցնելով, որ բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հովանու ներքո։ «Մենք կմասնակցենք ռազմական փորձագետների հանդիպմանը՝ Իսրայելի կողմից վտանգավոր էսկալացիան դադարեցնելու նպատակով»,- ընդգծել է նախագահը։ Հոկտեմբերի 17-ին Աունը Բաաբդայի նախագահական պալատում հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակության հետ։ Լիբանանի նախագահը Իսրայելին մեղադրել է հունիսի 26-ին Վաշինգտոնում ստորագրված շրջանակային համաձայնագրի պայմանները չկատարելու մեջ։ Աունի պնդմամբ՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները հարավային քաղաքների և գյուղերի վրա, բուլդոզերներով քանդում են տներ և խոչընդոտում ֆերմերներին՝ բերքահավաքի նպատակով իրենց հողեր մուտք գործելուն։ Նախագահի խոսքով՝ Իսրայելի ներկայությունը հարավային սահմանին պահպանում է լարվածությունը և խոչընդոտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի համաձայն՝ այդ տարածքում լիբանանյան բանակի տեղակայմանը։ Աունը զգուշացրել է, որ Լիտանի գետից հարավ տեղակայված խաղաղապահների դուրսբերումը վտանգավոր վակուում կստեղծի։ Նա հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դրական կարձագանքի Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատը մինչև 2027 թվականի վերջը երկարաձգելու խնդրանքին։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն վերահաստատել է Փարիզի աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանն ու կայունությանը։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ միջոցներ տրամադրել և արձագանքել Լիբանանում առկա հրատապ մարդասիրական կարիքներին։