Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակալվել է առնվազն 855 մարդ։ Եվս 17 մարդ ձերբակալվել է Լիմոժում, որտեղ արմատականների հրկիզած քաղաքապետարանի շենքի զանգակատունը փլուզվել էր։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով Փարիզում տուժել է 13 ոստիկան և երկու հրշեջ։ Զոհ է գրանցվել նաև ցուցարարների շրջանում․ երթի մասնակիցներից մեկը վատացել է և մահացել շտապօգնության բաժանմունքում։ Ֆրանսիայի իրավապահները նաև թալանի դեպքերի կտրուկ աճ են արձանագրել։ France 24-ի տվյալներով՝ ցուցարարների քողի տակ խմբերը կոտրել և թալանել են ոսկերչական սրահներ, թանկարժեք հագուստի ու կոսմետիկայի խանութներ, ինչպես նաև հացաբուլկեղենի կետեր Մարսելում։ Հրշեջները կարողացել են կանխել կոշիկի խանութում հրդեհի տարածումը։ Լիլում թալանողները ներխուժել են Apple-ի խանութ, իսկ Նիսում՝ սպորտային հագուստի խանութներ և մոտոսրահ։ Որոշ վայրերում թալանված իրերը նետել են փողոցներ, կոտրել խանութների ցուցափեղկերը։