ՏՏ ոլորտը երկար տարիներ համարվում էր «ամերիկյան երազանքի» հայկական տարբերակը, որտեղ կարելի էր ինչ–որ բանի հասնել առանց ծանոթ–բարեկամի` սեփական ուժերով։ Քիչ չեն հաջողության օրինակները, երբ մարդիկ այլ, անգամ ոչ տեխնիկական մասնագիտություններից հաջողությամբ տեղափոխվում էին ՏՏ ոլորտ։Սակայն այն պարզ աշխատանքը, որից սկսում էին նորեկները, ավելի ու ավելի շատ է անում ԱԲ–ն։ Իհարկե, սա չէր կարող չազդել սկսնակների` գործ գտնելու հնարավորության վրա` թե՛ ծրագրավորման, թե՛ հարակից ոլորտներում (UI/UX դիզայնի, գրաֆիկայի և այլն)։«Անգամ փորձ ունեցող ծրագրավորողներ կան, որոնք մի տարուց ավել է` գործ չունեն, ինչը նախկինում գրեթե բացառված էր։ Հիմա էլ իրենք պետք է հա՛մ գործ գտնեն, հա՛մ սովորեն ԱԲ նոր գործիքներին, որոնք, ի դեպ, էժան չեն, եթե խոսում ենք պրոֆեսիոնալ պրոդուկտների մասին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «HR Drone» աշխատանքային հարթակի և «M One ՏՏ» ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Հակոբյանը։Ով ում հաշվին է տնտեսումԱվանդաբար ՏՏ որևէ նախագիծ ղեկավարում է ավագ (senior) մասնագետը, որն ունի ոչ միայն գիտելիք, այլ նաև սեփական սխալների փորձ. չէ՞որ տարիներ առաջ ինքն էլ էր սկսում «ներքևից» ու ամենապարզ աշխատանքից, որը իր ժամանակի senior-ներն իրեն էին հանձնարարում, հետո էլ` սխալներն ուղղում։Ընկերություն իր հերթին գումար է խնայում ոչ այնքան junior-ի աշխատավարձի, որքան senior-ի ժամանակի մասով, որը շատ ավելի թանկ է և որը կարելի է ուղղել բարդ աշխատանքի, ոչ թե սկսնակներին սովորեցնելու վրա։ Իհարկե, սա պետք է համարել ընկերության մարդկային կապիտալի զարգացում, որը երկարաժամկետ հեռանկարում պակաս կարևոր չէ։«Սակայն եթե խոսենք ոչ թե ապագայի, այլ օրվա խնդիրների մասին, ապա, եթե Claude Code-ը դեռ մի քանի ամիս առաջ աշխատում էր փորձառու ծրագրավորողներից մի մակարդակ ցածր, ապա հիմա, իրենց իսկ խոսքով, գրեթե հավասարվել է իրենց»,– նշում է Հակոբյանը։Գործատուներն էլ են «վախեցած»ԱԲ նորանոր մոդելները կարող են գլխիվայր շրջել ՏՏ ամբողջ ուղղություններ։ Օրինակ` օրերս «Meta»-ն ազդարարել է ԱԲ ծրագիր, որը ավտոմատ կկատարի ցանկացած պատկերների անոտացիա, այսինքն` լուսանկարներում ու տեսանյութերում կճանաչի ու կգրանցի ցանկացած իր։ Ակնհայտ է, որ սա մի օրում կարող է մարտահրավեր դառնալ Computer vision ուղղության բազմաթիվ ստարտափների համար` ամենատարբեր ոլորտներում (դեմքերի ճանաչման և այլն)։Մեկ այլ օրինակ` շուկա է դուրս բերվել է ԱԲ ագենտ, որը եռաչափ օբյեկտներ է ստեղծում։ Ավելորդ է ասել, թե ինչ կարող է սա նշանակել 3D-դիզայնի համար, օրինակ` տեսախաղերի ոլորտում, որտեղ հարյուրավոր դիզայներներ նկարում են տասնյակհազարավոր 3D օբյեկտներ։ՏՏ նոր նախագծեր սկսելը դարձել է անկանխատեսելի. ամիսների, անգամ տարիների աշխատանքը կարող է մի օրում փոշիանալ։ Ահա այս խաչմերուկում է, որ ոմանք կանգ են առնում, ոմանք` առաջ գնում։Որոշ ընկերություններ ազատում են աշխատողներին, մյուսները` եղած ու նոր աշխատողներով փորձում ավելի շատ խնդիրներ լուծել։«Մենք գնում ենք երկրորդ ճանապարհով, քանի որ պլանավորում ենք ավելի շատ պրոդուկտներ ստեղծել։ Եկեք հարցին նայենք մեկ այլ կողմից. այո՛, նախագծերը կարող են արագ փլուզվել, բայց նույնքան արագ կարելի է նորերը ստեղծել։ Եթե առաջ որևէ նորություն շուկա դուրս հանելը պահանջում էր մեկ տարի և ավել, հիմա դա կարելի է անել երկու–երեք ամսում։ Պետք է ոչ թե վախենալ խնդիրներից, այլ ճկուն լինել», – ասում է Նարեկը։Ծրագրավորո՛ղ, քեզ ճիշտ «ծրագրավորիր»Նա նշում է` հանուն արդարության պետք է ասել, որ աշխատանքից ազատումների մի մասը տեղի է ունենում ոչ միայն գործատուի, այլ նաև աշխատողի «մեղքով» Կան ծրագրավորողներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են «ավանդական մեթոդներով», և հիմա ԱԲ օգնականներին համարում են ոչ թե գործիք, այլ մրցակից («մեկ ա` դրանք ուշ թե շուտ ինձանից լավ կոդ կգրեն, ինձ էլ գործից կհանեն»... և այլն)։Վերադառնալով «հայկական երազանքին»Նարեկն ինքը սկսել էր ծրագրավորող աշխատել 2015 թվականին։ Այն ժամանակ համարվում էր, որ ծրագրավորման մեկ լեզու նորմալ իմանալը բավարար է աշխատանք գտնելու համար։ Հիմա պետք է իմանալ մի քանի լեզու և տարբեր օժանդակ ծրագրեր, որոնց մասին արդեն խոսել ենք։«Երբ սկսվել էր ԱԲ բումը, մենք աշխատանքի հարցազրույցների ժամանակ առաջադրանք էինք տալիս կոդ գրել թուղթ ու գրիչով, որ տեսնենք, թե մեր դիմացինն ինչ կարող է անել «արդար», առանց AI–ի։ Հիմա հակառակն է` ասում ենք` «գրեք AI-ով», քանի որ ուզում ենք տեսնել, թե որքանով է մասնագետը տիրապետում նման գործիքների», – պարզաբանում է Նարեկը։Ինչպե՞ս սովորել այդ ամենը, եթե ԱԲ պրոֆեսիոնալ գործիքները թանկ են։Շատ բան կարելի է գտնել նաև անվճար ռեսուրսներում` հոդվածներում, տեսանյութերում։ Նարեկը եզրափակում է`այո՛, դեպի մասնագիտություն տանող ճանապարհը երկարել է, սակայն պետք է չհանձնվել և (ինչպես քանիցս նշեցինք զրույցի ընթացքում) չհոգնել սովորել։Ռուսական ՏՏ ընկերությունը Հայաստանին ազգային օպերացիոն համակարգի կոնստրուկտոր է առաջարկում