Երեւանի կենդանաբանական այգու աշխատակից Ալլա Վարդանյանը մոտենում է լողավազանի եզրին։ Ջրից նրան ուշադիր հետեւում է Թայֆունը, որը լավ գիտի՝ կերակրման ժամն է։ Բայց նախ՝ պետք է լվանալ ատամները։ Դե, բացի՛ր բերանդ, Թայֆուն։ Շո՛ւտ արա, - ասում է տիկին Ալլան։ Ավելի քան երկու տոննա կշռող գետաձին անմիջապես ենթարկվում է հրահանգին։ Ջրի շիթն ուղղվում է նրա ատամներին՝ մաքրելով նախաճաշին կերած մրգերի, բանջարեղենի եւ չոր խոտի մնացորդները։ Դրանք անպայման պետք է հեռացնել, որպեսզի հետագայում չվնասեն լնդերը: Ասում են՝ բնության մեջ գետաձիերի ատամները մաքրում են հատուկ փոքրիկ թռչունները, իսկ այստեղ՝ մենք, - ժպտում է տիկին Ալլան։ Լուսանկարը` Մեդիամաքս Նա Թայֆունին խնամում է գրեթե ծնված օրվանից։ Ավելին՝ նրանք ծնվել են նույն օրը՝ նոյեմբերի 10-ին։ Մեդիամաքսի հետ զրույցում Ալլա Վարդանյանը պատմել է Երեւանի կենդանաբանական այգու բարի, երբեմն՝ կամակոր գետաձի Թայֆունի մասին ու կիսվել՝ տարիների ընթացում մարդու եւ կենդանու միջեւ յուրահատուկ կապ է ձեւավորվում: Կենդանու հետ շփումից հոգեպես հանդարտվում եմ Ալլա Վարդանյանը Երեւանի կենդանաբանական այգում աշխատում է 27 տարի: Ընտրությունս պատահաբար ստացվեց, բայց հետո այնքան կապվեցի կենդանիների հետ, որ այսօր ինձ ոչ մի այլ բնագավառում չեմ պատկերացնում, - պատմում է ու ժպիտով ավելացնում՝ այգում աշխատանքն իրեն էլ է փոխել. Ալլա ՎարդանյանըԼուսանկարը` Մեդիամաքս Ինչքան էլ ֆիզիկապես ծանր լինի, կենդանու հետ շփումից հոգեպես հանդարտվում եմ, պակաս նյարդային եմ դառնում, դրական հույզեր ու մեծ բավականություն ստանում։ Սկզբում տիկին Ալլան խնամում էր փղին, իսկ Թայֆունի ծնվելուց հետո ստանձնել է նրա խնամքը: Այսօր Թայֆունից բացի, իմ խնամքի տակ են նաեւ եվրոպական եղնիկները։ Առավոտյան այգի գալուց հետո առաջին հերթին շրջայց եմ կատարում, ստուգում կենդանիներիս վիճակը, մաքրում տարածքն ու անցնում կերակրմանը: Լուսանկարը` Մեդիամաքս Նկատել եմ, որ հանգստյան օրվանից հետո վերադառնալիս Թայֆունն ինձ այլ կերպ է դիմավորում։ Զգում եմ՝ կարոտում է եւ օրվա ընթացքում անընդհատ հայացքով հետեւում ինձ, - ժպտում է Ալլա Վարդանյանը։ Թայֆունը՝ երկու սենյականոց ձմեռանոցով, մի քիչ կամակոր ու ձմերուկ շատ սիրող Թայֆունը ծնվել է Երեւանի կենդանաբանական այգում 18 տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին: Նույն օրն ենք ծնվել ու սա շատ խորհրդանշական է: Ամեն տարի միասին նշում ենք ու շատ ուրախ օր է ստացվում, - ասում է տիկին Ալլան ու հիշում. Թայֆունի մայրը, ցավոք, ժամանակից շուտ մահացավ, իսկ հայրն ապրեց մինչեւ ծերություն: Բնության մեջ գետաձիերը միջինում ապրում են 40-50 տարի, անազատության մեջ՝ մոտ 60: Լուսանկարը` Մեդիամաքս Այնպես որ, Թայֆունը հիմա երիտասարդ տղա է, լրիվ ամուսնացնելու, - ծիծաղում է Ալլա Վարդանյանն ու ավելացնում, որ հիմա Թայֆունի պահման պայմանները շատ լավն են: Ունի լողավազան, երկու սենյականոց ձմեռանոց՝ ներսում այլ լողավազանով, բայց հարս բերելու համար տարածքը պետք է մեծացնել: Գուցե, որոշվի ու տարածքը մեծացնելուց հետո այլ գետաձի էլ ունենանք, մանրամասներին տեղյակ չեմ: Ամեն դեպքում՝ ընտրությանը չեմ խառնվի, լավ սկեսուր կլինեմ, - ծիծաղում է տիկին Ալլան ու ցույց տալով Թայֆունին՝ ասում՝ կարեւորը՝ տղես հավանի: Երբ հարցնում եմ գետաձիու բնավորության մասին, Ալլա Վարդանյանն առաջին հերթին ասում է՝ ձմերուկի համար ուշքը գնում է: Լուսանկարը` Մեդիամաքս Հանուն ձմերուկի կատարում բոլոր հրահանգները: Օտար մարդկանց մոտ ամաչկոտ է, շատ զգայուն նոր ձայների, գույների, առարկաների նկատմամբ: Տեսա՞ք ինչպես ամաչեց ձեր լուսանկարչական ապարատից, - ասում է տիկին Ալլան: Նրա խոսքով՝ ուտելիքի հարցում Թայֆունը շատ լավ գիտի իր չափը: Եթե կերամանում նույնիսկ շատ միրգ-բանջարեղեն լինի, նա ուտում է իր ուզածի չափով, հագենում ու այլեւս չի շարունակում. Սա կարեւոր է կենդանու համար: Հիմա նա հավանաբար մոտ 2 տոննա է կշռում: Սա կարող ենք ենթադրել միայն տարիքին համապատասխան սանդղակով, որովհետեւ Թայֆունին կշռելը պարզապես անհնար է: Լուսանկարը` Մեդիամաքս Միեւնույն ժամանակ, կենդանին զարմացնում է իր արագաշարժությամբ: Թայֆունս շատ մարդամոտ է, բարի, խելացի, լսող: Փոքր տարիքում լրիվ երեխայի նման էր՝ ավելի կամակոր, չարաճճի: Հիմա իրեն լուրջ ու հասուն է պահում: Ճիշտ է, այսօր էլ իր կապրիզներն ունի. եթե իրեն մի բան դուր չի գալիս, մինչեւ վերջ կանի այնպես, որ իր ուզածով լինի, - պատմում է Ալլա Վարդանյանը: Շան անունով գետաձին ու հազար հարց տվող այցելուները Զրույցի կեսից եմ միայն հիշում ու պարզում Թայֆունի անվան ծագումնաբանությունը: Լուսանկարը` Մեդիամաքս Նրան անվանել ենք այգում ապրում մեկ այլ կենդանու՝ շան անունով: Թայֆունն այստեղի շունն էր ու երբ ծնվել է գետաձին, հասկացել ենք, որ իրեն այս անունը շատ է սազում: Այդպես էլ սկսել ենք անվանել, - ասում է տիկին Ալլան ու նշում՝ հիմա գետաձին լիովին արձագանքում է իր անվանը ու գալիս, երբ կանչում են: Երբ հարցնում եմ այցելուների վերաբերմունքի մասին, Ալլա Վարդանյանը ժպտում է՝ կենդանաբանական այգի գալուց հետո առաջիններից մեկը մեզ են մոտենում. Ալլա ՎարդանյանըԼուսանկարը` Մեդիամաքս Ժողովուրդը սիրում է գետաձիուն: Հնարավոր է՝ նրա մեծ չափսերի կամ վարքի համար: Հատկապես մեծ հետաքրքրությամբ հետեւում են կերակրման ժամերին ու հաճախ ասում, որ եկել են հենց գետաձիուն տեսնելու: Ինձ էլ ընթացքում հազար հարց են տալիս կենդանու մասին: Հիմա բոլորը գիտեն, որ Հրաչիկի տատիկը բեգեմոտ է պահում Ալլա Վարդանյանը Կենդանաբանական այգուն մոտ է ապրում: Արձակուրդի ժամանակ կարոտում է Թայֆունին, վերցնում է թոռնիկներին ու իջնում այգի: Լուսանկարը` Մեդիամաքս Արդեն իրենք էլ են Թայֆունին շատ սիրում ու բոլորին պատմում նրա մասին: Վերջերս դպրոցում մեծ թոռնիկս իր դասարանում պատմել էր, որ տատիկն աշխատում է Կենդանաբանական այգում եւ խնամում գետաձիուն: Արդյունքում ամբողջ դպրոցն իմացավ, որ Հրաչիկի տատիկը բեգեմոտ է պահում (ծիծաղում է հեղ.): Հետո դասարանով եկել էին էքսկուրսիա, ես ամեն ինչ ցույց տվեցի, իրենց մոտ Թայֆունին կերակրեցի, բոլորը շատ ուրախացան, - ասում է Ալլա Վարդանյանը: Լուսանկարը` Մեդիամաքս Նա նշում է՝ կենդանին շատ զգայուն է, նկատում է ցանկացած լավ կամ վատ վերաբերմունք. Ցանկությունս է, որ մարդիկ գոնե մի քիչ բարի լինեն: Կենդանին այդ ամենը զգում է ու տվածդ բարության, հոգատարության կրկնակին վերադարձնում քեզ: Սա պետք է սովորեցնել մանկուց: Լուսանկարը` Մեդիամաքս Թոռնիկներս մեծանում են կենդանիների հետ, բակում ունենք շուն, կատուներ ու նրանք շատ ջերմ են վերաբերվում իրար: Կենդանին միշտ հիշում ու գնահատում է քո խնամքն ու հոգատարությունը եւ փոխարենը քեզ տալիս շատ ու շատ դրական էմոցիաներ: Կարդացեք նաեւ՝ Հայկն ու Լուլուն. Վստահության ու անշահախնդիր ընկերության պատմությունը Յանա Շախրամանյան Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի