ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն և կդառնան նույնիսկ ավելի ցածր, քան մինչև հակամարտության սկիզբը։ Այս մասին նա հայտարարել է Կենտուկի նահանգում՝ Հանրապետական կուսակցության կողմնակիցների հանրահավաքում, Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ։ «Այս պատերազմը շատ շուտով կավարտվի։ Իսկ երբ այն ավարտվի, բենզինի գները կնվազեն և ավելի ցածր կլինեն, քան նախկինում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի՝ AAA-ի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ի դրությամբ բենզինի մեկ գալոնի՝ 3,78 լիտրի գինը կազմում է 4 դոլար 30 ցենտ։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկսվելուց երկու օր առաջ այն 2 դոլար 98 ցենտ էր։ Դիզելային վառելիքի մեկ գալոնն արժե շուրջ 6 դոլար 52 ցենտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 2 դոլար 41 ցենտով ավելի։