Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին ասվում է տարածված հայտարարությունում։ «Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և միջազգային հանրության պատասխանատվության մասին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ անդրադարձ չի կատարել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը և հայրենի հող վերադառնալու իրավունքին։ Մենք դատապարտում ենք այս լռությունը, հատկապես այն պայմաններում, երբ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար արցախահայեր Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրանց նախորդած երկարատև շրջափակման հետևանքով հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը։ Ինչպե՞ս կարելի է խոսել բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին՝ գտնվելով մի երկրում, որտեղ ապաստան են գտել իրենց հայրենիքից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ, և միաժամանակ անտեսել նրանց վերադարձի իրավունքը։ Արցախի հայության կապն իր հայրենի հողի, մշակույթի, պատմական բնակավայրերի և բնական ժառանգության հետ անքակտելի է։ Բռնի տեղահանումը ոչ միայն մարդու իրավունքների ծանր խախտում է, այլև սպառնալիք այդ ժառանգության պահպանությանը։ Հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։ Խաղաղությունը չի կարող նշանակել բռնի տեղահանման հետևանքների լեգիտիմացում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի անտեսման գնով։ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրապարակայնորեն վերահաստատել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի իրավունքը, աջակցել Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը և ապահովել, որ Արցախի ժողովրդի իրավունքները չանտեսվեն միջազգային խաղաղության և բնապահպանական գործընթացներում։ Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար։ Ակնկալում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հստակ հրապարակային դիրքորոշումն ու գործնական արձագանքը»,- նշվում է հաղորդագրությունում։ The post Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին appeared first on Infocom .