Հայերենում մենք չենք ասում՝ արի ինձ հետ, մենք ասում ենք՝ արի երթանք սարն ի բլուր, ես էղնիմ հող, դու էղի ջուր .... նման ձեւակերպումներով է սկսում իր՝ հայկական երգը հանրահռչակող տեսանյութերը երաժիշտ Արաքսյա Բարսեղյանը: Նրա մեղեդային տեսանյութերը չխրախուսվող սքրոլինգի արժանի բացահայտումներից են: Արաքսյան ծնվել է Գյումրիում: Երբ յոթ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ ստացել է բժշկական կրթություն եւ ուսման վերջին տարիներին հասկացել՝ այլեւս անհնար է զսպել հայրենիք վերադառնալու ցանկությունը: Թեեւ նրա որոշումն այնքան էլ հեշտ չէր ընտանիքի համար, Արաքսյան 26 տարեկանում հայրենադարձվել է ու այսօր երեխաների հետ բնակվում է Երեւանում: Հայերենում մենք չենք ասում՝ սիրում ենք Երեւանը, մենք ասում ենք՝ քարին արեւ նվիրենք ու մի քիչ էլ սեր, մեր քաղաքը կստացվի՝ Երեւանը մեր: Երաժշտությունը Արաքսյային ուղեկցել է մանկուց, սակայն որպես մասնագիտացում ընտրել է բժշկությունը՝ երաժիշտ հայրիկի հորդորով. Լուրջ մասնագիտություն ընտրեք, երաժիշտը մասնագիտություն չէ: Այդուհանդերձ, թեկուզ ակամայից, հայրիկի ազդեցությունը Արաքսյայի երաժշտական հետաքրքրություններում մեծ տեղ ունի. Լուսանկարը` Մեդիամաքս Հայրիկս շատ տաղանդավոր երաժիշտ է՝ կլառնետահար եւ դուդուկահար, երաժշտությունը միշտ եղել է մեր տանը: Մայրիկս էլ տանը հաճախ էր դաշնամուր նվագում: Փոքր տարիքից ես ու քույրիկս միասին երգում էինք, նաեւ երգեր հեղինակում: Մոտ մեկ տարի առաջ գնացել էի Գայանե բալետը դիտելու ու սկզբից մինչեւ վերջ լաց եմ եղել: Հետո միայն հասկացա, թե ինչու. բալետում ժողովրդական երգը շատ է օգտագործված, իսկ այդ մեղեդիները հայրիկս տանը միշտ նվագել է ու առանց գիտակցելու՝ դրանք ինձ են փոխանցվել. նաեւ հայրիկին էի կարոտել,- հիշում է Արաքսյան: Հայերենում մենք չենք ասում՝ երաժիշտները եկան, մենք ասում ենք՝ աղջի, մազերդ թուխ է, աշուղ է եկել մեր մայլեն ... Արաքսյայի առաջին երաժշտական գործիքը եղել է դաշնամուրը, սակայն հետագայում, ոգեշնչվելով Ռուբեն Հախվերդյանի երգերից, սկսել է կիթառ նվագել. Լուսանկարը` Մեդիամաքս Ծնողներիս ասում էի՝ կիթառ եմ ուզում, ինձ ասում էին՝ դաշնամուր նվագել գիտես, բավարար է: 17-18 տարեկան էի այդ ժամանակ. ընդունվեցի աշխատանքի, աշխատեցի 4000 ռուբլի ու աշխատավարձը ստանալուց անմիջապես հետո գնացի տանն ամենամոտ երաժշտական խանութն ու գնեցի ամենամատչելի կիթառը՝ 3900 ռուբլի արժողությամբ սեւ կիթառ էր,- հիշում է Արաքսյան: Նրա երաժշտական վլոգն ընդամենը մեկ տարեկան է, սակայն շատերի համար է սիրելի դարձել: Տեսանյութերի մեկնարկային ձեւակերպումը ոգեշնչված է վրացուհի մի աղջկանից, որը նմանատիպ մոտեցմամբ վրացական պոեզիան է ներկայացնում: Մատուցումը հավանել էր, սակայն սեփական էջը վարելու միտքն անմիջապես չէր առաջացել: Լուսանկարը` Մեդիամաքս Կյանքումս շատ էի զգում արվեստի պակասը, ուզում էի ինչ-որ կերպ լրացնել, սակայն առիթ էր պետք,- ասում է Արաքսյան ու բացահայտում՝ ինչպես աշխատանքային պատրվակն օգնեց նորից երգել: Մոտ մեկ տարի առաջ Արաքսյա Բարսեղյանն ու Օլգա Գավրիլովան հիմնադրել են Lav School-ը՝ խոսակցական հայերենի ուսուցման կենտրոն՝ լեզուն սովորել ցանկացող ռուսախոսների համար: Հատուկ ռեպորտաժներ | 2025-06-21 23:15:47 «Հայաստանում գտել եմ տունս. «ռուս Օլյայի» պատմությունը Մտածեցի, որ երգը կօգնի մեզ դպրոցի առաջխաղացման հարցում: Եթե նկատել եք, տեսանյութերի վրա ռուսերեն եւ հայերեն գրվում են երգի բառերը: Ինձ համար կարեւոր է նաեւ, որ մարդիկ հասկանան մեր անչափ գեղեցիկ հայերենը, որն իր յուրահատուկ հմայքով արտահայտվում է հենց երգերում՝ ինչպես ժողովրդական, այնպես էլ հեղինակային (բարդ) երգերում,- հիշում է Արաքսյան: Լուսանկարը` Մեդիամաքս Ստացվող արձագանքները ցույց են տալիս, որ գաղափարը հաջողվել է. շատ արտերկրացիներ՝ հիմնականում ռուսներ, ուկրաինացիներ գրում են, որ երգերը լսելուց հետո ցանկանում են հայերեն սովորել: Դպրոցի շահառուները եւս փաստում են, որ տեսանյութերը խիստ մոտիվացնող են ու օգտակար: Արաքսյան ասում է, որ հայկական ժողովրդական երգերի հիմնական մեղեդին ամբողջ երգի ընթացքում շարունակ կրկնվում է, եւ երգի զարգացումը բառերի միջոցով է տեղի ունենում: Եթե լսողը բառերը չի հասկանում, ապա երգը լիարժեք չի կարող ընկալել: Լուսանկարը` Մեդիամաքս Հայերենում մենք չենք ասում՝ սիրելիս ինձ մերժել է, մենք ասում ենք՝ Ախ, Նինո, Նինոն ըսավ Չէ, չէ ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է ... Երբ որ խորասուզվում ես հայկական ժողովրդական երգի բառերում, այնքան բան ես իմանում. ո՞նց են մարդիկ ապրել, ի՞նչ են մտածել, ի՞նչ ավանդույթներ են ունեցել, ի՞նչ խաղեր են խաղացել: Ինձ համար այդ երգերն ինչ-որ առումով պատմության դասեր են,- ասում է նա: Տեսանյութերի համար երգերի ընտրությունն ու դրանց բառերի թարգմանության ընթացքն Արաքսյայի համար եւս բացահայտումներով լի է. Երբեմն հնացած բարբառային բառեր են լինում, որոնց իմաստը հասկանալու համար սկսում եմ զանգել տատիկներիս, ծնողներիս: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության հիշողությունը փոխանցող Րուրի լաո օրորոցայինում կա հետեւյալ տողը. Աղոթըրան նոր էր բացվել: Սկզբում ենթադրում էի, որ դա աղոթելու վայր է, հետո իմացա, որ մշեցիների բարբառով դա լուսաբացն է՝ առավոտը նոր էր բացվել: Նման դրվագներով հայերենի հանդեպ սերս շարունակում է աճել,- ասում է նա: Լուսանկարը` Մեդիամաքս Արաքսյայի նուրբ ձայնը կարելի է ունկնդրել նաեւ վիրտուալ դաշտից դուրս. նա պարբերաբար համերգներ է ունենում, օրինակ, Գյումրիի BarBar Art Gallery-ում ու ներկայում Երեւանում գործող Ստեփանակերտի Բարդակ փաբում: Համերգների ժամանակ երգացանկը շատ տարբեր է՝ թե ժողովրդական երգեր, թե բարդ երգիչների ստեղծագործություններ, նաեւ իմ հեղինակայիններից եմ երգում: Հաճախ հանդիսատեսի հետ սկսում ենք միասին երգել, այդկերպ համերգը, կարծես, համատեղ երաժշտական թերապիա է դառնում բոլորիս համար,- ասում է Արաքսյան: Հայերենում մենք չենք ասում՝ գինի լցրու, մենք ասում ենք՝ աշխարհ սարսեց հայու ահը, գետին ընկավ թուրքի գահը ... Երգերից յուրաքանչյուրն ունկնդրի մոտ ուրույն հիշողություններ է արթնացնում. Արաքսյայի խոսքով՝ նման երգերը թանկագին են դառնում հենց դրանց հետ փոխկապակցված անձնական պատմությունների շնորհիվ: Նրա սիրելի երգերից մեկը Գինի լից-ն է. Լուսանկարը` Մեդիամաքս Ես ու քույրիկս միշտ միասին երգել ենք այդ երգը, անգամ այդ երգով Մոսկվայում հանրահավաքի ենք մասնակցել. ապրիլի 24-ն էր՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Որոշել էինք, որ այդ օրը պետք չէ միայն զգալ, այլ հիշել նաեւ պայքարը: Մինչ օրս էլ այդ երգն ինձ համար ուժի, ինչ-որ իմաստով նաեւ հաղթանակի մասին է: Հայերենում մենք երբեք չենք ցանկանում պատերազմել, բայց երբ ստիպված ենք, մենք ասում ենք՝ վեր կաց, եղբայր իմ, երգս կիսեմ քեզ հետ ... Երաժշտական վլոգի ու Արաքսյային հետեւողների ոգեւորիչ արձագանքների շնորհիվ արվեստը նորից վերադարձել է նրա կյանք: Երբեմն նրան հարցնում են՝ արդյոք չի՞ ցանկանում Մոսկվա վերադառնալ: Այս հարցադրումն Արաքսյայի համար տարօրինակ է. Լուսանկարը` Մեդիամաքս Ես այստեղ ինձ տանն եմ զգում, այնքան ուրախ եմ, որ երեխաներս այստեղ են մեծանում: Շատ եմ սիրում հայերենը, Հայաստանը, հայերին ... չեմ կարծում, որ աշխարհում կա այստեղի նման որեւէ այլ տաք վայր, որտեղ ինձ այսքան լավ կզգայի: Հայերենում մենք ոչ թե պարզապես ասում ենք, որ սիրում ենք Հայաստանը, այլ ասում ենք՝ երազ իմ երկիր հայրենի, հոգսերդ շատ, հույսդ մեծ, քարքարոտ երկիր ...: Գայանե Ենոքյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի