azatutyun.am Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիներն այն իրենցը համարեն, և ոլորտը օտարության ու շահագործման տպավորություն չթողնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ ոլորտում մեծ հնարավորություններ կան, բայց նաև մարտահրավերներ, որոնցից մեկը բնապահպանական չափանիշների պահպանումն է։ Նա ընդգծել է, որ այս հարցն ավելի արդիական է դառնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ «Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն՝ օտարության, կներեք կոպիտ բառի համար, շահագործման տպավորություն չթողնի ոլորտը», – ասել է Փաշինյանը։ Վարչապետի համոզմամբ՝ ոլորտի նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվում է, երբ քաղաքացիներն իրենց ավելի ներգրավված են զգում և տեսնում են հանրային շահը։ «Մենք նաև նկատել ենք՝ որքան հանրությունն իրեն ներգրավված է համարում, այնքան ընկալումը դառնում է պոզիտիվ։ Վերջին տարիներին մենք այս հարցով քայլեր ենք ձեռնարկել, բայց դրանք ինստիտուցիոնալ չեն։ Մի քանի հանքարդյունաբերական ընկերություններում ՀՀ կառավարությունն ունի մասնաբաժին, բայց դա մեր պատկերացրած մոտեցումը չէ։ Դրանք, ըստ էության, իրադրությունից բխող քայլեր են եղել, բայց այստեղ շատ կարևոր է ինստիտուցիոնալ մոտեցում իրականացնել», – նշել է նա։ Փաշինյանի խոսքով՝ այդ մոտեցումը պետք է լինի հանքարդյունաբերական ընկերությունների բաց բաժնետիրացումը։ «Իսկ ո՞րն է այդ մոտեցումը։ Իմ կարծիքով՝ դա ոլորտի բաց բաժնետիրացումն է։ Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը Հայաստանի Հանրապետությունում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու։ Ես նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում», – հայտարարել է վարչապետը։ Փաշինյանն ընդգծել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Ամուլսարի նախագծում կառավարության ունեցած բաժնեմասերի հետ կապված իշխանությունների նպատակն էլ հենց այդ գործընթացը խթանելն է։ «Նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Ամուլսարի նախագծում կառավարության բաժնեմասի հետ կապված մեր ընկալումները հենց այդպիսին են, որ մենք ուզում ենք հասնել մի կետի, երբ կառավարությունն ինքը օրինակ ցույց տա և բաց բաժնետիրացման գործընթացն այդպիսով խթանի Հայաստանի Հանրապետությունում», – ասել է Փաշինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է․ Փաշինյան | azatutyun.am appeared first on Infocom .