Նախատեսվում է վերացնել բժիշկների պետական հավաստագրման քննությունը կրկին հանձնելու օրենսդրական սահմանափակումները։ Համապատասխան նախաձեռնությամբ կառավարությունը դիմել է խորհրդարանին։ Այս մասին գրում է bpn.ge-ն։ «Բժշկական գործունեության մասին» գործող օրենքի համաձայն՝ պետական հավաստագրման քննությունից անբավարար գնահատական ստանալու դեպքում թեկնածուն իրավունք ունի այն վերահանձնել հաջորդ տարվա ընթացքում առավելագույնը երկու անգամ։ Ընդ որում, քննությունների միջև պետք է պահպանվի վեցամսյա ընդմիջում։ Խորհրդարան ներկայացված օրինագծով առաջարկվում է վերացնել պետական հավաստագրման քննությունը վերահանձնելու փորձերի քանակի սահմանափակումները, ինչպես նաև քննությունների միջև պարտադիր վեցամսյա ընդմիջման պահանջը։ Այսպիսով, անբավարար գնահատական ստանալուց հետո թեկնածուները կկարողանան պետական հավաստագրման քննությունը կրկին հանձնել՝ դրա անցկացման սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ քննությունը վերահանձնելու հաճախականության սահմանափակումների վերացումը չի նվազեցնում մասնագիտական որակավորման գնահատման չափանիշները և չի ստեղծում անհրաժեշտ որակավորում չունեցող անձանց ինքնուրույն բժշկական գործունեության թույլտվություն տրամադրելու վտանգ։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ եթե անձի մասնագիտական պատրաստվածությունը հնարավոր է ստուգել համապատասխան քննությունը հաջողությամբ հանձնելու միջոցով, ապա գործող սահմանափակումները դուրս են գալիս պետական հավաստագրման քննության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ շրջանակներից։ «Բժշկական օգնության պատշաճ որակի ապահովման և պացիենտների անվտանգության պաշտպանության օրինական նպատակը հասանելի է դառնում պետական հավաստագրման քննությունը հաջողությամբ հանձնելու պարտադիր պահանջի շնորհիվ։ Անձը չի կարող ինքնուրույն բժշկական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալ, քանի դեռ քննությամբ չի հաստատել համապատասխան գիտելիքների և մասնագիտական կարողությունների առկայությունը։ Հետևաբար, քննությունը վերահանձնելու հաճախականության սահմանափակումների վերացումը չի նվազեցնում մասնագիտական որակավորման գնահատման չափանիշները և չի ստեղծում անհրաժեշտ որակավորում չունեցող անձանց ինքնուրույն բժշկական գործունեության թույլտվություն տրամադրելու վտանգ», — հայտարարում է Առողջապահության նախարարությունը։