Ախալքալաքում այս տարի գազարի բերքը նախորդ տարվա համեմատ ավելի լավն է։ Գյուղացիները հիմնականում գոհ են ստացված բերքից, սակայն աշնանային անձրևները դժվարացնում են բերքահավաքը։ Չխարուլա գյուղում գազարն ու բազուկն առատ են աճել, բայց դաշտերը թաց են, հողը՝ ցեխոտ։ Աշունը գյուղացու համար տարվա ամենապատասխանատու ժամանակահատվածներից է։ Ամիսներ շարունակ մշակած հողը, ցանած սերմերն ու ամենօրյա աշխատանքը պետք է վերջապես արդյունք տան։ Սակայն բերքի քանակից ու որակից գոհ լինելը դեռ չի նշանակում, որ տարվա աշխատանքն ավարտված է․ երբ եղանակը բարենպաստ չէ, բերքը ժամանակին հավաքելն ու պահեստավորելը վերածվում է լրացուցիչ հոգսի։ Այս տարի Ախալքալաքի շրջանի գյուղերում գազարի բերքը նախորդ տարվա համեմատ ավելի լավն է։ Գյուղացիները հիմնականում դժգոհ չեն ստացված արդյունքից, թեև բերքահավաքի ընթացքը հեշտ չի ընթանում։ Այս անգամ անդրադարձել ենք Չխարուլա գյուղին, որը վարչականորեն պատկանում է Բորժոմի մունիցիպալիտետին, սակայն աշխարհագրորեն հարակից է Ախալքալաքի Բեժանո գյուղին։ Այստեղ բնակիչները գոհ են գազարի և բազուկի բերքից, բայց վերջին օրերի անձրևներն էապես դժվարացրել են դաշտային աշխատանքները։ Չխարուլայի բնակչուհի Գոհարը պատմում է, որ այս տարի գազարի և բազուկի բերքի թե՛ քանակից, թե՛ որակից գոհ է։ Նա 10 ար գազար և 4 ար բազուկ է ցանել։ Գազարի մի մասն արդեն հողից հանել է, սակայն անձրևների պատճառով չի կարողանում այն մաքրել ու տուն տեղափոխել։ «10ար գազար եմ ցանել, 4ար՝ բազուկ։ Բերքի քանակից ու որակից շատ գոհ եմ, բայց անձրևներն են խանգարում։ Գազարը հողից հանել ենք, բայց արտի մեջ է մնացել. եղանակ չկա, որ գնամ, մաքրեմ ու տուն բերեմ», — պատմում է տիկին Գոհարը։ Նրա խոսքով՝ այս տարի 10 ար հողատարածքից մոտավորապես 4 տոննա գազար է հավաքել։ Ստացված բերքը գոհացուցիչ է, սակայն գյուղացիների համար հիմա ամենակարևորը եղանակի բարելավումն է, որպեսզի կարողանան ավարտին հասցնել բերքահավաքը։ «Անձրևոտ եղանակին գազարը հողում մնալուց անմիջապես չի փչանա։ Սակայն, եթե ցրտի եղանակը, ցրտահարության վտանգ կա, հատկապես եթե գազարի վերին հատվածները դուրս են մնում հողից», — ասում է նա։ Բերքահավաքի հետ կապված նույն մտահոգություններն ունի նաև Չխարուլայի բնակիչ Համբարձում Ունանյանը։ Նա այս տարի 25 ար գազար է ցանել, սակայն անձրևների պատճառով դեռ չի կարողացել ամբողջ բերքը հանել հողից։ «Կեսը չեմ հանել հողից՝ անձրևների պատճառով։ Եթե մի օր էլ անձրև չի լինում, քանդում ենք գազարը, էլի էն չէ։ Ցեխոտ է, էդքանը հատիկ-հատիկ նորից մաքրելու ենք», — իր մտահոգություններն է կիսում Համբարձում Ունանյանը։ Թաց հողը ոչ միայն դանդաղեցնում է բերքահավաքը, այլև ավելացնում աշխատանքի ծավալը։ Հանված գազարը մաքրելը, տեսակավորելը և տեղափոխելը լրացուցիչ ժամանակ ու ջանք է պահանջում։ Իսկ գյուղացու համար ժամանակն այս շրջանում կարևոր է․ որքան երկար բերքը մնա դաշտում, այնքան մեծանում է եղանակային պայմաններից կախված լինելու անհանգստությունը։ Չնայած դժվարություններին՝ գյուղացիները կարողանում են իրենց բերքը վաճառել։ Համբարձում Ունանյանի խոսքով՝ գնորդները հիմնականում գյուղ են գալիս իրենց մեքենաներով և գազարը տեղում գնում։ Երբեմն գյուղացիներն իրենք են բերքը տեղափոխում Թբիլիսի՝ վաճառքի։ «Վրացիները իրենց մեքենաներով գալիս, տանում են գյուղից, բայց երբ պետք է շուտ վաճառել, գնորդն էլ ուշանում է, մենք ենք տանում Թբիլիսի՝ շուկա։ Մեկ կիլոգրամ գազարը մեկ լարիով ենք վաճառում», — ասում է նա։ Չխարուլայի գյուղացիների համար այս աշունը բերքի առումով հաջող է, սակայն աշխատանքը դեռ ավարտված չէ։ Գյուղում բերքահավաքի եռուզեռը շարունակվում է՝ եղանակի յուրաքանչյուր բարենպաստ օրվա հետ նոր հույսով։ Գյուղացու համար առատ բերքը տարվա աշխատանքի գնահատականն է, բայց այն վերջնական արդյունք է դառնում միայն այն ժամանակ, երբ հավաքվում, պահպանվում և վաճառվում է։