Տարածքային ամբողջականությունը և տարածքային ամբողջականությունից անջատումը միջազգային իրավունքին հակասող արարք է, «Ազատություն, արդարություն և ինտեգրում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նշեց, որ միջազգային իրավունքի բալանսը ձևավորված է եղել այս երկու սկզբունքների փոխադարձ, զուգահեռաբար գոյության հիման վրա, այսինքն՝ մի կողմից տարածքային ամբողջականություն, մյուս կողմից՝ ժողովուրդների ինքնորոշում։ «Իմ կարծիքով, տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում, որովհետև ինքնին իշխանության իմաստը առաջին հերթին մարդու մասին է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։ Անդրադառնալով հայ գերիների թեմային՝ բանախոսը շեշտեց՝ Բաքվի կողմից վերջիններիս նկատմամբ իրականացվող դատավարություններն ապօրինի են, և միամտություն է ակնկալել, որ կարող են իրավական երաշխիքի էլեմենտ ունենալ։ «Որքան էլ միջազգային դատական ատյանները քննադատվեն, և շատերն ասեն՝ դրանք գոյություն չունեն, իմ կարծիքով՝ ինքնին այդ հոռետեսական, սկեպտիկ մոտեցումներն են սպանում միջազգային իրավունքը։ Իմ կարծիքով՝ միջազգային դատավարությունների արժեքը և կայացված որոշումների արժեքը շատ մեծ է։ Արդարադատության միջազգային դատարանը, Եվրոպական դատարանը շատ կարևոր հարթակներ են, որոնք անհավասար իրավունքը շտկելու հնարավորություն են տալիս, որովհետև դատարանի դահլիճում դե ֆակտո հավասարություն կա՝ ժամանակային հավասարություն, խոսելու, դատարանի վրա ազդելու հավասար հնարավորություն։ Սա, կարծում եմ, ունիկալ հնարավորություն է»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։ Ըստ նրա՝ պատահական չէ, որ միջազգային իրավական pրոցեսներն ունեն նաև քաղաքական կարևոր նշանակություն։ Որովհետև եթե չունենային` այդ նշանակությունը, քննարկման առարկա չէին դառնա։ «Դատական մարմինների կողմից կայացված որոշումների ազդեցությունը համարում եմ կարևոր։ Բայց ես կարծում եմ՝ անկախ նրանից՝ Ադրբեջանի կողմից դրանց նկատմամբ ակտիվ արձագանքը տեսնում ենք, թե ոչ՝ դրանք կարևոր են։ Վստահ եմ, որ նույնիսկ Ադրբեջանի կողմից վարքագծի կտրուկ փոփոխության բացակայության պայմաններում դատական որոշումներն ունեն շատ հստակ ազդեցություն և զսպիչ դեր»,- ամփոփեց Եղիշե Կիրակոսյանը։ The post Հայ գերիների նկատմամբ դատավարություններն ապօրինի են և իրավական երաշխիքի էլեմենտ չունեն. Կիրակոսյան appeared first on Ազգ .