Գերությունից վերադարձածների խնդիրները տնտեսական, առողջական բնույթի են։ Կան երկրորդային առողջական բնույթի դժվարություններ և հոգեսոցիալական կամ հոգեբանական խնդիրներ։ «Ազատություն, արդարություն և ինտեգրում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը։ «Հիմնական խնդիրներից մեկը, որի հետ բախվում են, հարմարվողականության խնդիրներն են։ Վերադարձած գերիներին մեր հասարակության մեջ հաճախ ընդունում են երկու ծայրահեղ վերաբերմունքով։ Մեկը՝ չափից ավելի կարեկցանքով՝ ավելի շատ հարազատներ, բարեկամներ, մյուսը՝ խուսափողական, քանի որ նրանց նկատմամբ կարծես առաջանում է խտրական վերաբերմունք, որ եթե գերի են, ուրեմն պոտենցիալ դավաճաններ են և այլն»,- ասաց բանախոսը։ Ըստ Խաչատուր Գասպարյանի՝ գերությունից վերադարձածների հիմնական խնդիրներն ուղեկցվում են տրավմատիկ հիշողություններով։ «Դրանք կապված են ոչ միայն գերության ընթացքի, այլև մինչև գերության ժամանակահատվածի հետ։ Աշխատում էի մի երիտասարդի հետ, որին ամենաշատն անհանգստացնում էր այն, որ երբ իրենք հրամանատարին տեղեկացրել էին, որ գտնվում են շրջափակման մեջ, որևէ նշան, քայլ վերաբերմունք, արձագանք չի եղել։ Դա ամենաշատն էր իր վրա հոգեբանորեն ազդել»,- պատմեց բանախոսը։ The post Հայրենիք վերադարձած գերիների նկատմամբ խտրական վերաբերմունք կա. եթե գերի են՝ ուրեմն պոտենցիալ դավաճաններ են. հոգեբան appeared first on Ազգ .