ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Արտահանման սահմանափակումների հետ կապված ԵՏՀ ուղարկված բողոքները դեռ քննության փուլում են։ Այդ մասին COP17-ի շրջանակում «Մերիդիան» էքսպո կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի համապատասխան հարցին։Նա վստահություն հայտնեց, որ մինչև տարեվերջ քննությունները կավարտվեն, և ընթացակարգային գնահատական կլինի։Անդրադառնալով COP17 գագաթնաժողովին` փոխվարչապետը նշեց, որ սա աննախադեպ միջոցառում է` և պատվիրակությունների կազմը, և շփումների հնարավորությունները գործնական շատ բարձր մակարդակի են, ինչը հնարավորություն է տալիս շատ լուրջ պայմանավորվածությունների մասին խոսել։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։