ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարն աճել է ավելի քան 10 անգամ։ Երևանում մեկնարկած COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով իր կառավարման տարիներին ունեցած ձեռքբերումներին ու անհաջողություններին` նա նշեց, որ իր համար կարևոր հանգամանք էր այն, որ հատկապես վերջին 5 տարում կարողացել են Սևանա լճում հասնել սիգի ու մյուս ձկնատեսակների պաշարների ավելացման։ Ըստ վարչապետի` սիգի պաշարը 2010–ական թվականների ճգնաժամային մի քանի հարյուր տոննայից, այսինքն, ըստ էության, անհետացման եզրին հայտնվելուց հետո 2026 թ. հուլիսի դրությամբ հասել է ավելի քան 4 500 տոննայի։Նա նշեց, որ լճում իրականացվում են նաև իշխանի և այլ ձկնատեսակների վերականգման աշխատանքներ։ Ըստ վարչապետի` եթե մինչև 2025 թվականը իշխանի պաշարները եղել են աննշան` մինչև 20 տոննա, ապա 2025 թվականին պաշարները գնահատվել են շուրջ 138 տոննա, իսկ 2026 թ. հուլիսի դրությամբ` արդեն իսկ 374 տոննա։ Նրա խոսքով` այս հաջողություններով հանդերձ` Հայաստանում շարունակվում են թե՛ ապօրինի անտառհատումները, թե՛ որսագողությունները, թե՛ բնության ապօրինի շահագործման դեպքերը։ Այս խնդիրները կառավարելու համար ներդրվել է էկոպարեկային ծառայությունը, որը 10 մարզերից 4–ում է գործում։Վարչապետը խոսեց նաև կոշտ թափոնների կառավարման մասին` նշելով, որ այդ հարցում կառավարության հաջողությունները հեղափոխական նշանակություն դեռևս չունեն։Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։Այսօր Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը։