ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իրանը ժամանակին և ինչպես հարկն է կարձագանքի ԱՄՆ-ից բխող սպառնալիքներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի նավթի փոխնախարար, Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Սաիդ Թավաքոլին։Երեկ CNN-ի թղթակից Զաքարի Քոհենը, հղում անելով լավատեղյակ աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է իրանական էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների տարբերակներ մշակել։ Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ–ն կարող է Իրանի դեմ հարվածների ևս մեկ շարք հասցնել, որից հետո կհայտարարի հաղթանակի մասին և զորքն արագ դուրս կբերի տարածաշրջանից։«Անշուշտ, պատերազմը, որն ԱՄՆ-ն է ինքն իր համար հորինել՝ արհամարհելով միջազգային նորմերը, իր ազդեցությունն է թողել ամբողջ աշխարհի էներգետիկ ոլորտի վրա... Իրանը, հակազդելու համար այն սպառնալիքներին ու վնասին, որոնք հակառակորդը ցանկանում է հասցնել երկրին, կձեռնարկի ժամանակին, ճշգրիտ և համարժեք պատասխան գործողություններ», – ասել է Թավաքոլին «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակում։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։