ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական վավերացումից հետո կենսաբազմազանության և շրջակա միջավայրի ոլորտներում կլինի համագործակցություն. այդ առումով արդեն իսկ կան քննարկումներ։ Այդ մասին այսօր Երևանում` COP17 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով կենսաբազմազանության տեսանկյունից հակամարտության անդրսահմանային ազդեցությունների մասին։ «Քանի որ ինչպես կենդանիները, բնությունը, այնպես էլ մենք ունենք ընդհանուր գետեր, որոնք մի երկրի տարածքում սկսվում են ու շարունակվում մյուս երկիր, ապա այս առումով շրջակա միջավայրն ու կենսաբազմազանությունը երկրների համար ընդհանուր շահերի և փոխշահավետ համագործակցության դաշտ է ստեղծում»,– նշեց նա։ Փաշինյանի խոսքով` մյուս հարևանի` Թուրքիայի հետ, Հայաստանն այս պահին չունի դիվանագիտական հարաբերություններ, սակայն կա շատ դրական երկխոսություն։ «Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք այստեղ պատմական փոփոխությունների կհասնենք։ Ի դեպ, Թուրքիայի հետ անդրսահմանային համագործակցության ավելի հարուստ պատմություն ունենք, քանի որ սահմանային ջրամբար ունենք դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված»,– տեղեկացրեց վարչապետը։ Ըստ նրա` խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով։ Ըստ վարչապետի` ցավոք, այդ վնասը չափելի չէ և չի հաշվառվում` այդպիսով դառնալով անվերահսկելի։ Արդյունքում, ինչ–որ մի պահի արձանագրում ենք, որ կենդանիների որոշ տեսակներ, բնության որոշակի հատվածներ ուղղակի ոչնչացվել են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցին հասցված վնասը, այդ տարածքում Ադրբեջանի կատարած անտառահատումների հարցը հայկական կողմը չի պատրսատվում բարձրացնել COP17–ի շրջանակներում։Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։Միջազգային խոշոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ։Համաժողովին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին։ Առաջին դեմքերի մակարդակով Հայաստան են ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին, Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրին։Շիկահողի արգելոցի վնասը հնարավոր կլինի գնահատել սահմանազատումից հետո․ ՇՄ նախարար