ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման հարցեր են քննարկել։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Ղրղզստանի նախագահի հետ հանդիպումից հետո։«Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար»,– նշեց Փաշինյանը։Նրա խոսքով` Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունները հիմնված են ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, և կան բոլոր նախադրյալները այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար։Փաշինյանն ընդգծեց, որ քաղաքական երկխոսության առումով վերահաստատել են բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2027–28 թվականներին երկու երկրներում կազմակերպել մշակույթի օրեր։ Կարևորվել է համատեղ ջանքերը միջազգային բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ։Այս առումով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Ղրղզստանի բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության միջև ստորագրվել է Սևան և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիրը։