Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ստորագրահավաքը հասել է նաև բուհեր։ «Այլևս չենք հանդուրժում» շարժման շրջանակում Հայաստանի մի շարք համալսարաններում պաստառներ են տեղադրվել՝ ուսանողներին առաջարկելով ստորագրությամբ աջակցել Ազգային ժողովում համապատասխան օրենսդրական նախագծերի ընդունմանը։ Բուհերի միջանցքներում տեղադրվել են մեծ պաստառներ՝ հետևյալ գրառմամբ․ «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ և արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե՝ այո, խնդրում եմ ստորագրել»։ Նմանատիպ մեծ մի պաստառ փակցված է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մինչ պաստառի փակցնելը Աննա Հակոբյանն այցելել է բուհ, որի ղեկավար, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նրա համար բավական ջանասիրաբար ուսանողների հետ հանդիպում է կազմակերպել։ Հանդիպումից հետո նրան տեղեկացրել են, որ ԵՊՀ-ում մեծ պաստառ պետք է տեղադրվի, վերջինս էլ իր մերձավոր շրջապատում փնթփնթացել է, թե «սրա տակից ոնց պետք է դուրս գանք», որից հետո «խելոք» տեղադրել է պաստառը։ Փորձեցինք կապ հաստատել ԵՊՀ-ի հետ՝ պարզելու, թե ինչ տրամաբանությամբ է նման նախաձեռնություն իրականացվում համալսարանի տարածքում, սակայն այդպես էլ պարզաբանում չստացանք։ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամից մեզ հորդորեցին գրավոր հարցմամբ դիմել։ Միաժամանակ նշեցին, որ պաստառներ են տեղադրվել բոլոր բուհերում և անցկացվում է ստորագրահավաք, իսկ դրանց ընտրությունը որևէ սկզբունքով պայմանավորված չէ։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից Աննա Հակոբյանը հայտարարել էր մարզեր այցելելու և ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությանն աջակցելու նպատակով ստորագրահավաք անցկացնելու մասին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի շարժումն այնպիսի մասշտաբների է հասել, որ առաջացել է այն կենտրոնացված համակարգելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով ստեղծվել է «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոնը։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի արտաքին կապերի և ռազմավարական զարգացման վարչության պետ Անժելա Նուշիկյանը 24News -ի հետ զրույցում ասաց, որ իրենց ինստիտուտում ևս տեղադրված է համապատասխան տաղավարը, և ուսանողներն ու աշխատակիցները ցանկության դեպքում կարող են մոտենալ և ստորագրել ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությանն աջակցելու համար։ Նրա խոսքով՝ տաղավարը տեղադրվել է ղեկավարությունից ստացված հրահանգի համաձայն։ Նուշիկյանը պնդեց, որ նախաձեռնությունը «քաղաքական ենթատեքստ չունի», ուսանողներին չեն պարտադրում մասնակցել ստորագրահավաքին, չեն մտնում լսարաններ և չեն ստիպում միանալ նախաձեռնությանը։ Հարցին՝ վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը բուհ տեղափոխելը քաղաքականացման քայլ չեն համարո՞ւմ, Անժելա Նուշիկյանն արձագանքեց, որ պետք է ուշադրություն դարձնել շարժման ընդհանուր գաղափարին. «Այսինքն՝ եթե շարժմամբ զբաղվում է վարչապետի տիկինը, ապա դա քաղաքակա՞ն է։ Ես ինքս նման շարժումները քաղաքական չեմ համարում։ Դրանք անցկացվում են տարբեր երկրներում։ Մեր բուհում քաղաքական որևէ գործընթաց չկա։ Նոր են ավարտվել ընտրությունները, և բացառվել են նման արատավոր երևույթները։ Թե՛ ուսանողները, թե՛ դասախոսներն ազատ են իրենց ընտրության մեջ։ Իսկ այդ տաղավարի առկայությունը զուտ իրազեկման բնույթ է կրում, և ոչ ոք պարտադրված չէ այնտեղ գնալ ու միանալ»,- ասաց Անժելա Նուշիկյանը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սիրանուշ Մանուկյանը 24News- ի հետ զրույցում ասաց, որ իրենց բուհում ևս անցկացվում է ստորագրահավաքը, հարցին թե սա քաղաքականացման պրոցես համարում է թե ոչ Մանուկյանն ասաց. «Դա իմ գործառույթների մեջ չի մտնում։ Ես անձամբ միգուցե տեսնում եմ քաղաքականացման գործընթաց, բայց դա իմ իրավասությունը չէ՝ թույլ տալ կամ արգելել»,- ասաց նա: Եվ այսպես, բացի ԵՊՀ-ից, Աննա Հակոբյանի պաստառները տեղադրած են նաև Ամերիկյան համալսարանում, հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Համալսարանների քաղաքականացման դեմ ժամանակին պայքարող ՔՊ-ականները, իհարկե, կհերքեն, որ Աննա Հակոբյանի պաստառների տեղադրումը «քաղաքականություն է», սակայն հետաքրքիր է, թե բուհերի ղեկավարները նույն ջանասիրությամբ թույլ կտայի՞ն իրենց կրթական հաստատությունների տարածքներում տեղադրել նմանատիպ պաստառներ, եթե նախաձեռնողները լինեին Հայաստանի նախկին պաշտոնյաների կանայք։ Այս հարցը տեղին է հատկապես այն պարագայում, երբ բուհերում ու հատկապես ԵՊՀ-ում այլևս չեն հանդուրժում ՔՊ-ի քաղաքական գծին մի փոքր անգամ դեմ դասախոսների։ Հիշեցնենք, որ այս տարիների ընթացքում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խզել է տասնյակ դասախոսների հետ պայմանագրերը, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ։ Հասմիկ Անտոնյան —00—ԼԱ The post «Ապաքաղաքականություն». Աննա Հակոբյանը սկսել է բուհերում ստորագրահավաք անցկացնել appeared first on 24News .