ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու քառաստիճան պլան են մշակում: Այս մասին հայտնում է Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով ԱՄՆ դիվանագիտական կորպուսում իր աղբյուրներին։ Ծրագրի առաջին կետը վերաբերում է Ուկրաինայի վերակառուցմանը: Համաշխարհային բանկը և BlackRock կորպորացիան Ուկրաինայի ավերված շրջանների վերականգնման, զինվորների ընտանիքներին աջակցության և տնտեսության վերագործարկման համար ֆինանսավորման մեխանիզմներ են մշակելու: Բանակցությունների ընթացքում պաշտոնական Կիևից խնդրել են ծախսերի մանրամասն հաշվարկներ, ինչպես նաև՝ երաշխիքներ, որ գումարները չեն յուրացվի: Երկրորդ կետը նվիրված է անվտանգային երաշխիքներին։ Ըստ մշակվող ծրագրի, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները կպարտավորվեն ռազմական պատասխան տալ, եթե Ռուսաստանը կրկին հարձակվի Ուկրաինայի վրա: Ամերիկացի մի պաշտոնյա այս մեխանիզմը համեմատել է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հետ (մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա-խմբ.): Բացի այդ, Ռուսաստանը Եվրոպայի հետ կքննարկի սեփական անվտանգության մտահոգությունները, թեև պարզ չէ, թե փոխարենը Մոսկվային ինչ է առաջարկվելու: Հիշեցնենք, որ Մոսկվան նախկինում Կիևից պահանջել է պաշտոնապել չեզոքություն ընդունել։ Երրորդ կետը վերաբերում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի տնտեսական ինտեգրմանը և էներգետիկ համաձայնագիր կնքելուն: Ըստ Իգնատիուսի՝ քննարկվում է ռուսական նավթն ու գազը խողովակաշարով ԵՄ փոխադրելու հարցը։ Ռուսաստանն ու Ուկրաինան ենթադրաբար կկիսեն եկամուտները: Այս հնարավոր համաձայնագիրը կապահովի Ռուսաստանի մուտքը եվրոպական էներգետիկ շուկա երկարաժամկետ հեռանկարում և կսահմանի պատժամիջոցների վերացման ժամկետները: Չորրորդ կետը վերաբերում է ներկայիս ճակատային գծով հրադադարի կնքմանը: Ռուսաստանը կպահպանի փաստացի վերահսկողություն իր գրաված տարածքների, այդ թվում՝ Դոնբասի զգալի մասի նկատմամբ, սակայն այդ տարածքները պաշտոնապես չեն ճանաչվի ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից։ Այս ծրագիրը շրջանառության մեջ է դրվել անցած շաբաթ Մայամիում տեղի ունեցած խաղաղության բանակցություններից հետո։ Թրամփի վարչակազմը Կիևից պահանջել էր դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերով հարվածները: ԱՄՆ-ն նույնիսկ սպառնացել էր դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը։ Բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի հետ կնքած դիզելային գործարքի մասին։ Ուկրաինայի կողմից բանակցողները նախատեսվածից շուտ էին լքել Մայամին, և Կիևը շարունակել էր հարվածել ռուսական ենթակառուցվածքին։ Կարճ ժամանակ անց Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը էներգետիկ հրադադարի են հասել։ Թրամփի հայտարարությունից ժամեր անց Ռուսաստանը նոր հարվածներ էր հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և քաղաքացիական օբյեկտներին։ Ըստ Reuters-ի աղբյուրների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջում է Դոնբասն ամբողջությամբ և համաձայն է դիզելային գործարք կնքել՝ ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն ցույց տալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ The New York Times-ի