Վեհափառն անշտապ բոլորին օրհնեց, խաչը դրեց մարդկանց գլուխներին։ Խաղաղ պատարագը խաղաղ շարունակվեց և խաղաղ ավարտվեց։ Վերջում՝ վեհարանի դարպասների առաջ կանգնած սպասելիս, որ Հայոց Հայրապետը անցնի ու վերադառնա Վեհարան, տեսա՝ ինչպես են մարդիկ ձեռքները գցում Վեհափառի ձեռքի խաչին։ Ամեն անգամ այդ պատկերը տեսնելիս միշտ տարակուսում էի՝ ինչո՞ւ են ձեռք տալիս խաչին, փոխանակ գլուխները դեմ տան օրհնության համար։ Հերթը հասավ մեզ, և լսվեց Վեհափառի հորդորը․ Ձեռքներդ մեկնե՛ք, խա՛չը բռնեք։ Ազգս հայոց թող Տիրոջ խաչից կառչած ապրի․․․