Նախաձեռնության հոկտեմբեր ամսվա շահառուն «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամն է։ Հավաքագրված միջոցները կուղղվեն «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների՝ օլիմպիական կրթությանը մասնակցելու հնարավորությանը։ Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևորում է կրթության հասանելիության ընդլայնումն ու մարզերում երեխաների ներուժի բացահայտման հնարավորությունները։ «Կրթությունը և մարզերի համաչափ զարգացումը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից են։ Մենք վստահ ենք, որ որակյալ կրթական հնարավորություններ ստեղծելով` հիմք ենք դնում ուժեղ և մրցունակ հասարակության ձևավորմանը։ Նախատեսում ենք նաև անցկացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ շահառու երեխաների համար՝ նպաստելով ժամանակակից աշխարհում անհրաժեշտ ֆինանսական հմտությունների ձևավորմանը»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։ «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սերինե Ավետիսյանի խոսքով՝ օլիմպիական կրթությունը աշակերտների շրջանում զարգացնում է վերլուծական մտածողությունն ու հետևողականությունը։ «Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագա գիտական և տեխնոլոգիական ոլորտի առաջատարները ձևավորվում են դեռ դպրոցական տարիներից։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր երեխա, անկախ իր բնակության վայրից, հնարավորություն կունենա բացահայտելու և իրացնելու իր ներուժը։ Ուրախ ենք, որ IDBank-ը միանում է մեր նախաձեռնությանը՝ ներդրում ունենալով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում»,- նշեց Սերինե Ավետիսյանը։ «Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։ ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ *գովազդ