Ինչպե՞ս կերտել պատմությունը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, «ոչ թե այն է, ինչ տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»: «Իմ պատկերացումը հետևյալն է՝ առաջիկայում մենք պիտի կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված պայմանագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա: Եվ երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում: Երեկ Նիկոլ Փաշինյանը իր էջում գրել էր, որ հիմնարար խնդիր է այն, որ պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ «Եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնիսկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետեւ այն ստեղծվում է հիմա եւ պետք է ստեղծվի վաղը։ Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել եւ ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։ Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել եւ թերեւս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք եւ ոչ թե վերարտադրող։ Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատեւ պետության ռազմավարության իրագործումը, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով»,- գրել էր նա՝ հավելելով, որ «ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով»: The post Առաջիկայում պիտի կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան appeared first on Infocom .