Ռուսական և ամերիկյան ընկերությունները, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարություններն արդեն բանակցություններ են վարում Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կառավարությունն օպերատիվ կերպով որոշում է ընդունել դիզելային վառելիքի արտահանման արգելքը մասնակիորեն վերացնելու և այն համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի շուկա մատակարարելու հնարավորության մասին։ Նախկինում գործում էին համապատասխան պատժամիջոցներ, որոնք ամերիկացի գործընկերները վերացրել են վեց ամսով։ Այժմ մեր ընկերություններն արդեն բանակցություններ են վարում ռուսական հումքի գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունների միջև»,- ասել է նա։ Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև նավթամթերքի մատակարարումները։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Նովակը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսված ժամկետից շուտ է սկսում վերացնել դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Ռուսաստանը պատրաստ է հոկտեմբերին մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500 հազար տոննա, դեկտեմբերին՝ 1 միլիոն տոննա, իսկ հետագայում այդ ծավալը հասցնել ամսական 3 միլիոն տոննայի։ ԱՄՆ վարչակազմը մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը պատժամիջոցներից ազատում է ռուսական դիզելային վառելիքի՝ համաշխարհային շուկաներ մատակարարումները։