Եվրամիությունը չի կարողանում գտնել 10 նավ՝ Կարմիր ծովում իր «Ասպիդես» գործողության համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։ «Այո՛, այս գործողության համար մեզ անհրաժեշտ է առնվազն 10 նավ, բայց մենք դեռ չենք հասել այդ նպատակին։ Այսօր ԵՄ մի շարք երկրներից առաջարկներ ենք լսել, որ նրանք կարող են նավեր տրամադրել։ Հուսով եմ՝ դա գործնական արդյունքներ կտա։ Եթե ԵՄ-ն ցանկանում է, որ տարածաշրջանում իրեն լուրջ ընդունեն, պետք է դա անի»,- ասել է Կալլասը։ Հանդիպման շրջանակում եվրոպացի դիվանագետները հայտնել են, որ ԵՄ երկրներն այսօր քննարկել են Կարմիր ծովում արդեն տեղակայված վեց նավերին ևս երկու նավ ավելացնելու հնարավորությունը, սակայն առայժմ «որոշում չեն կայացրել»։ Ավելի վաղ Կալլասը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան կոչ է արել ԵՄ-ին ավելի ակտիվորեն նպաստել Կարմիր ծովի անվտանգությանը և կազմակերպել նավերի ուղեկցումը Բաբ էլ Մանդեբի նեղուցով։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն շահագրգռված է դրանում, սակայն առայժմ անհրաժեշտ հնարավորություններ չունի։ Այս տարվա գարնանից ԵՄ-ն ապարդյուն փորձում է «Ասպիդես» առաքելության համար գտնել ևս առնվազն չորս ռազմական նավ, որոնք կկարողանան ուղեկցել առևտրային նավերին Կարմիր ծովում։