61-ամյա կանադուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հինգ ժամ անընդմեջ պահելով «պլանկա» դիրքը։ Ռեկորդակիրը Դոննա Ջին Ուայլդն է, ով ԱՄՆ Յուտա նահանգում մասնակցել է Huntsman World Senior Games՝ տարեցների համաշխարհային խաղերին։ Ուայլդը գերազանցել է իր նախորդ ռեկորդը, որը կազմում էր 4 ժամ 30 րոպե 11 վայրկյան։ Ուայլդը «պլանկա»-ով սկսել է զբաղվել ավելի քան տասը տարի առաջ՝ դաստակի վնասվածքից հետո։ Դրա պատճառով նա չէր կարողանում կատարել իր սովորական վարժություններից շատերը։ «Պլանկան» դարձավ դրանց հասանելի այլընտրանքը և աստիճանաբար վերածվեց ամենօրյա մարզման։ Ժամանակի ընթացքում կանադուհին իր մարզումներին ավելացրել է վազքը, ցատկապարանով վարժություններն ու ուժային մարզումները։ Ուայլդը դպրոցի նախկին տնօրեն է, հինգ երեխաների մայր և 12 թոռների տատիկ։ Ռեկորդային փորձի վերջին ժամը հատկապես ծանր է եղել․ մարզուհին խոստովանել է, որ քիչ է մնացել հանձնվի։ Սակայն հանդիսատեսի աջակցությունն օգնել է նրան դիմանալ մինչև վերջ։ Արդեն հաջորդ առավոտյան նա մասնակցել է երեք կիլոմետրանոց վազքի։