Իհարկե իմ բարեկրթությունը թույլ չի տա համարժեք բառապաշարով արձագանքել սույն տիկնոջը, բայց ես զարմացած չեմ, որովհետև նա շարունակում է իր քաղաքական ուժին բնորոշ բառապաշարը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանի՝ Երևանի տոնին Սամվել Կարապետյանի շնորհավորանքի վերաբերյալ արձագանքին։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանն այդ օրվա իր ուղերձում նշել էր, որ Էրեբունիից Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնա։ Ազարյանն իր հերթին արձագանքել էր. «Երևանի տոնը այս տարի միանգամայն այլ տեսք ուներ, առավել ուրախ, գունեղ ու հագեցած՝ ի հեճուկս չկամների, բայղուշների ու ինքնահռչակ մարգարեների»։ Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց, որ գործ ունեն մի իշխանության հետ, որի ղեկավարը չի խոշորում ընդհուպ մինչև հայհոյանքով խոսել սեփական հանրության հետ։ «Ինչ վերաբերում է այդ որակումներին, դրանք ընդամենը ծիծաղ են առաջացնում, որովհետև մենք խոսում ենք կրկին մի իշխանության մասին, որն իր կառավարման շուրջ ութ տարիների ընթացքում մեր երկրին բերել է միայն ու բացառապես ձախողումներ և կորուստներ, հայկական Արցախը հանձնել է թշնամուն, ՀՀ սուվերեն տարածքները դարձրել է ադրբեջանցիների զբոսանքի վայր, տարածքներ է հանձնել Ջերմուկից, Սյունիքից։ Այդ տարածքները մինչև հիմա վերադարձված չեն։ Ինչ վերաբերում է նրան, թե ճոխ էր տոնը, գունեղ էր, այդ գունեղ հրավառության և ճոխության հետևում թաքնված է այս իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Քիչ առաջ այս ամբիոնից իմ գործընկերները ներկայացրին COP17-ին վերաբերող պայմանագրերի մանրամասները, թե ինչ ուռճացված գնումներ են իրականացվել։ Ի դեպ, մեկ անձից գնումների ավանդույթն իրենք շարունակում են։ Նախորդ տարիներին լրագրողական հետաքննությունները ապացուցում են, թե ինչ միլիարդավոր գումարներ են ծախսել այս իշխանությունները տարբեր տոների, հրավառությունների, ֆեստիվառների ու այլնի վրա։ Սրա նպատակը մի բան է՝ ժողովրդին հաց ու հանդես պիտի տալ, բայց իրենք չեն կարողանում հացը ապահովել, և փորձում են հանդեսներով, հրավառություններով, համերգներով շեղել օրակարգային խնդիրներից մեր հասարակությանը»,-ասաց պատգամավորը։ The post Գործող իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքները դարձրել է ադրբեջանցիների զբոսանքի վայր. Ղահրամանյան appeared first on Ազգ .