Մասնագետներն սկսել են վերլուծել Բաքվի ռազմական դատարանի կողմից քսան տարվա ազատազրկման դատապարտված հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Այն հատում է անհեթեթության բոլոր սահմանները, և դժվար է անգամ որևէ տրամաբանական կապ գտնել առաջադրված մեղադրանքների և ապացույցների միջև: Արդարադատություն ըստ Ադրբեջանի խորագրի ներքո Փաստինֆո լրատվական գործակալությունը, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ, սկսել է ըստ մեղադրանքների և հոդվածների վերլուծել Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը: Ստորև կներկայացնենք մի քանի ուշագրավ դրվագներ նշված շարքից: Դրվագ առաջին. Ռուբեն Վարդանյանը մասնավորապես մեղավոր է ճանաչվել Ագրեսիվ պատերազմ վարելու հոդվածով, քանի որ 2020 թվականին միացել է ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը: Ի՞նչ փաստերով է ապացուցվել մեղադրանքը: Որպես մեղադրանքի հիմքում ընկած ապացույց դատավճռում նշվում է այն, որ Ավրորա նախաձեռնության կողմից 2020թ. դեկտեմբերին միջոցներ են հատկացվել Արցախին՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության համար հումանիտար ու սոցիալական բնույթի ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Ավրորայի դափնեկիր Միրզա Դիննայիին այցելել է Ստեփանակերտ: Այս երկու փաստերը բավարար են եղել, որպեսզի Վարդանյանին Բաքվի ռազմական դատարանը մեղավոր ճանաչի այս հոդվածով և դատապարտի քսան տարվա ազատազրկման: Դրվագ երկրորդ. Ռուբեն Վարդանյանին մեղավոր է ճանաչվել Խմբի հետապնդում քաղաքական, ազգային, էթնիկ և այլ արգելված դրդապատճառներով հոդվածով: Նրան վերագրվել է այս հոդվածով նախատեսված՝ Հետապնդում ազգային և քաղաքական հատկանիշով, տեղահանվածների վերադարձին խոչընդոտելը արարքը, իսկ որպես ապացույց ներկայացված է Ադրբեջանի Փախստականների և ներքին տեղահանված անձանց պետական կոմիտեի 2023 թ. գրությունը: Դատավճռում չկա ոչ մի տուժող, որը վկայություն է տվել Վարդանյանի դեմ, չկա ոչ մի գործողություն, որը կատարել է անձամբ Ռուբեն Վարդանյանը։ Ամենախնդրահարույցը դրդապատճառն է. այն փաստացի բխեցվում է Վարդանյանի ազգությունից՝ հայ լինելուց. պարզվում է, որպես ապացույց է հանդիսացել Վարդանյանի էթնիկ ծագումը։ Դրվագ երրորդ. Ռուբեն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել 3 980 ադրբեջանցու բռնի անհետացման համար: Բռնի անհետացում հոդվածով նրան վերագրվել է 19892020թվականներին 3980 անձի ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուց հրաժարում արարքը: Որպես ապացույց ներկայացվում է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի 2023 թ. գրությունը՝ Արցախյան առաջին պատերազմի կապակցությամբ անհայտ կորած անձանց թվաքանակի մասին: Հոդվածի տրամաբանությունը ենթադրում է, որ մեղադրվող անձը կամ պետք է մասնակցություն ունենար վերագրվող արարքին, կամ՝ գոնե պետք է տիրապետեր այն տեղեկությանը, որը պիտի տրամադրեր, մինչդեռ Ռուբեն Վարդանյանն անհատապես 19892020թթ. չի էլ գտնվել Արցախում: Դատավճիռը որևէ կերպ չի հիմնավորում, որ նա երբևէ ունեցել է նման տեղեկություններ կամ դրանք տրամադրելու լիազորություն, բայց դա ամենևին չի խանգարել Բաքվի ռազմական դատարանին մեղքը ապացուցված համարել և նրան դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Free Armenian Prisoners թիմ