Միլանում իր դռներն է բացել ոսկերչական Buccellati տան նոր՝ Caviar Bar-ը, որի ինտերիերը հեղինակել է դիզայներ Շահան Մինասյանը։ Պատմական Palazzo Gavazzi-ի ներսում տեղակայված այս բացառիկ տարածքը միավորում է իտալական նրբագեղությունն ու վարպետի ինքնատիպ ոճը։ Ինտերիերի հիմքում տարբեր երանգների՝ պղնձագույն, արծաթափայլ և ծխագույն հայելիների, թավշի ու կաշվի ներդաշնակ համադրությունն է։ Տարածքը լրացնում են Fortuny-ի գործվածքները, հատուկ այս նախագծի համար ստեղծված գորգերը, վինտաժ մուրանյան լուսատուներն ու Մինասյանի նախագծած կահույքը։ Շահան Մինասյանը հայկական ծագմամբ ինտերիերի դիզայներ, հնաոճ իրերի մասնագետ և պատկերասրահի հիմնադիր է։ Նա ծնվել է Բեյրութում և բնակվում է Ֆրանսիայում։ Տարբեր մշակույթների ազդեցությամբ ձևավորված նրա գեղագիտական ձեռագիրը առանձնանում է ինքնատիպությամբ և նրբաճաշակությամբ։ Մինասյանը եղել է Ralph Lauren-ի կրեատիվ տնօրենը, ինչպես նաև հեղինակել է նախագծեր Մայամիի Starfish-ի և Փարիզի լեգենդար Hôtel de Crillon-ի համար։ 2008 թվականին նա հիմնադրել է Chahan Gallery-ն, որտեղ ներկայացված են վինտաժային իրեր, հեղինակային կերամիկա և դիզայների սեփական աշխատանքները։ Մինասյանի նախագծերը պարբերաբար հայտնվում են դիզայնին և ճարտարապետությանը նվիրված հեղինակավոր միջազգային պարբերականների էջերում։ Harper’s Bazaar Arabia-ին տված հարցազրույցում նա նշել է. «Ես հայ ոսկերչի որդի եմ, ուստի առանձնահատուկ զգայուն եմ յուրաքանչյուր հեղինակի անհատական ձեռագրի նկատմամբ»։ The post Palazzo Gavazzi․ իտալական շքեղությունը՝ Շահան Մինասյանի ձեռագրով appeared first on Alphanews .