Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՝ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի և ՀՀ-ում Չեխիային դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։ Չեխիայից ժամանած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց կատարեցին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Լումիր Կանտորին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։ The post Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր appeared first on Ազգ .