iravaban.net Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Համաձայնագրով նախատեսվում է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում անցկացնել կենսաբազմազանության վերաբերյալ միջազգային երեք կարևոր հանդիպում։ Համաձայնագիրը վերաբերում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպմանը՝ որպես կողմերի համաժողովի 20-րդ հանդիպում, և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպմանը՝ որպես կողմերի համաժողովի 6-րդ հանդիպում։ Կառավարությունը 2026 թվականի հոկտեմբերի 2-ի N 1421-Ա որոշմամբ հավանություն է տվել համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը և դիմել Սահմանադրական դատարան՝ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը որոշելու նպատակով։ Սահմանադրական դատարանը գործն ընդունել է քննության հոկտեմբերի 6-ին և այն քննել գրավոր ընթացակարգով։ Ի՞նչ է որոշել Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանը գտել է, որ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության սկզբունքներին, 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման նպատակներին, ինչպես նաև 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու արտաքին քաղաքականության նպատակներին։ Արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված համաձայնագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ է օրենքով սահմանված հետագա ընթացակարգերի իրականացումը։ Սահմանադրական դատարանի որոշումն ինքնին դեռևս չի նշանակում, որ համաձայնագիրը վավերացվել է Ազգային ժողովի կողմից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Երևանում կենսաբազմազանության միջազգային համաժողով անցկացնելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունները | iravaban.net appeared first on Infocom .