ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված հրդեհի գործով ՀԷՑ–ի աշխատակիցներ են հարցաքննվել։ Aysor.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանը։Նա հիշեցրել է, որ նախաձեռնված քրեական վարույթից բացի ՀԷՑ-ը նաև համալիր անկախ փորձաքննություն է պատվիրել, ինչպես նաև 2 ծառայողական քննություն է իրականացվում՝ անվտանգության և վերահսկողության, ինչպես նաև տեխնիկական տնօրինություններում։Նա հույս է հայտնել, որ 1-2 շաբաթից նախնական արդյունքները հայտնի կլինեն։ Մինչ այդ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը զերծ է մնում նախնական վարկածի կամ կասկածի մասին խոսել։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Երևանի «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, ավելի ուշ ՀԷՑ-ը հայտնեց, որ ընկերությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Քննչական կոմիտեում հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):