Վաշինգտոնի վարչակազմը 180 օրով հետաձգել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործունեության ապահովմանն ուղղված որոշ գործառնությունների նկատմամբ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը։ Այս մասին վկայում են ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած փաստաթղթերը։ Դրանց համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները լիցենզիա են տրամադրել, որը 180 օրվա ընթացքում թույլատրում է «ՄՔԴ-ի հետ կապված որոշակի գործունեություն, այդ թվում՝ նրա գործունեության ապահովման նպատակով»։ Բացի այդ, լիցենզիաներ են տրամադրվել, որոնցով պատժամիջոցներից ազատվում են ՄՔԴ-ում կալանավորված անձանց պահմանն ուղղված գործառնությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների մատուցման հետ կապված որոշ գործառնություններ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հետաձգման նպատակն է «անդամ պետություններին ժամանակ տրամադրել՝ ՄՔԴ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հիմնական մտահոգությունները վերացնելու համար դիվանագիտական և իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ էական առաջընթաց ցուցադրելու նպատակով»։ «Այս ընդհանուր լիցենզիաների գործողության ժամկետը կարող է փոփոխվել՝ կախված այն հանգամանքից, թե մեր մտահոգությունները վերացնելու ջանքերը հաջողությամբ կպսակվեն, թե՝ ոչ», — ընդգծվում է փաստաթղթում։