Նիկոլ Փաշինյանը չի իմացել, որ իր նկարահանած և հրապարակած տեսանյութում հնչող երգն ադրբեջաներեն է։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ «Վարչապետի հրապարակման մեջ լսվող երաժշտությունը հնչում է շատրվաններից և շատրվանների երաժշտությունն է։ Տեսանյութը նկարահանվել է առավոտյան 05:30-ին և դրանով էլ գրավել է վարչապետի ուշադրությունը, որ այդ ժամին շատրվանները աշխատում են և երաժշտական ուղեկցությամբ»,- Factor TV-ին փոխանցեց խոսնակը։ Հարցին՝ արդյո՞ք վարչապետը տեղյակ է եղել, որ հնչող երգն ադրբեջաներեն է, Մելանյա Հարությունյանը բացասական պատասխան տվեց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում հեծանվով զբոսանքի ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում լսվում է ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Հասանիի 2023 թվականի նոյեմբերին թողարկած «Aram Aram» երգը։ Այն իրանական ծագում ունեցող երգի ադրբեջաներեն տարբերակն է։ Երգի օրիգինալ տարբերակը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այն կատարում է իրանցի հայտնի փոփ երգիչ Ռեզա Մալեքզադեն։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Նարեկ Կիրակոսյան Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում