Հոկտեմբերի 7-ին Աթենքի Ակրոպոլիսի դիմաց Մարկո Ռուբիոն ներկայացրեց Թրամփի վարչակազմի աշխարհաքաղաքական մտածողության հիմքերը։ Հին Հունաստանի պատմության միջոցով ԱՄՆ պետքարտուղարը փորձեց բացատրել, թե ինչու է Արևմուտքը կորցնում իր երբեմնի վստահությունն ու ազդեցությունը, և ինչպես է Վաշինգտոնը մտադիր վերականգնել դրանք։ Նրա ելույթի կենտրոնում մի գաղափար էր. միջազգային հարաբերություններում կրկին վճռորոշ նշանակություն են ստանում պետությունների տնտեսական ու ռազմական հզորությունը, տեխնոլոգիական առավելությունը և սեփական շահերը պաշտպանելու կամքը։ Սա ենթադրում է նաև ամերիկյան առաջնորդության նոր ընկալում։ Վաշինգտոնը վերանայում է տասնամյակներ շարունակ ձևավորված աշխարհակարգի առաջնահերթությունները՝ դաշնակիցներից ակնկալելով ավելի մեծ պատասխանատվություն, իսկ միջազգային համագործակցությունը գնահատելով ազգային անվտանգության և ռազմավարական շահերի տեսանկյունից։ Ակրոպոլիսի ընտրությունը պատահական չէր։ Քրիստոսից առաջ 480 թվականին պարսկական բանակն ավերեց Աթենքը և հրկիզեց նրա սրբավայրերը։ Տասնամյակներ անց նույն բարձունքում վեր խոյացավ Պարթենոնը՝ դառնալով հունական քաղաքակրթության հզորության և վերածննդի խորհրդանիշը։ Ռուբիոն այս պատմության միջոցով փորձում էր վերակենդանացնել Արևմուտքի պատմական ինքնավստահությունը։ Նրա համոզմամբ՝ քաղաքակրթությունների ճակատագիրը վճռում են սեփական ուժերի նկատմամբ հավատը, ստեղծագործելու ձգտումը և դժվարություններին դիմակայելու կամքը։ Ակրոպոլիսի պատմությունը նա վերածեց ժամանակակից Արևմուտքին ուղղված քաղաքական կոչի՝ վերագտնելու այն ներքին ուժը, որի շնորհիվ դարեր շարունակ ձևավորել է համաշխարհային պատմության ընթացքը։ Ռուբիոն պատմական այս օրինակի միջոցով հիմնավորում էր Թրամփի վարչակազմի գլխավոր քաղաքական համոզմունքը. Արևմուտքի ազդեցությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ամրապնդել սեփական ուժը, վերականգնել նախաձեռնողականությունը և ազգային շահը դարձնել պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ռուբիոյի համոզմամբ՝ Արևմուտքի պատմական հզորության հիմքում եղել են գիտելիքի և նորարարության ձգտումը, մրցակցելու կարողությունը, ազգային ինքնավստահությունն ու սեփական շահերը պաշտպանելու վճռականությունը։ Վերջին տասնամյակներում, նրա գնահատմամբ, Արևմուտքն աստիճանաբար կորցրել է այդ առավելությունները։ Արդյունաբերության տեղափոխումն այլ երկրներ մեծացրել է տնտեսական կախվածությունը, անվտանգության հարցերում ամերիկյան երաշխիքների վրա հենվելը թուլացրել է Եվրոպայի ինքնուրույն պաշտպանական կարողությունները, իսկ միջազգային կառույցներին փոխանցված լիազորությունները սահմանափակել են ազգային կառավարությունների որոշումների ազատությունը։ Ռուբիոյի այս քննադատության հիմքում ժամանակակից աշխարհակարգի առանցքային հարցն է՝ որքանո՞վ կարող են պետությունները պահպանել իրենց անկախությունն ու ազդեցությունը, եթե սեփական անվտանգության, արտադրության և տեխնոլոգիական զարգացման կարևորագույն լծակներն այլևս ամբողջությամբ իրենց ձեռքում չեն։ Այս գնահատականներից ուրվագծվում է Թրամփի վարչակազմի ռազմավարական նպատակը՝ վերականգնել ամերիկյան գերակայության տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական հիմքերը՝ միաժամանակ վերանայելով համաշխարհային ուժերի հավասարակշռության ու դաշնակցային հարաբերությունների գործող կանոնները։ Վաշինգտոնը ձգտում է վերականգնել երկրի արդյունաբերական հզորությունը, նվազեցնել կախվածությունը արտաքին մատակարարներից և վերահսկողություն հաստատել ժամանակակից տնտեսության ռազմավարական ոլորտներում՝ արհեստական բանականությունից ու կիսահաղորդիչներից մինչև էներգետիկա, կարևորագույն հանքանյութեր և ռազմական տեխնոլոգիաներ։ Այս ուղղությունների նկատմամբ վերահսկողությունն առաջիկա տասնամյակներին որոշելու է պետությունների տնտեսական ազդեցությունը, պաշտպանական կարողություններն ու միջազգային քաղաքականության մեջ նրանց իրական կշիռը։ Այս քաղաքականությունը վերափոխում է համաշխարհային տնտեսության առաջնահերթությունները։ Տասնամյակներ շարունակ պետություններն ու ընկերությունները ձգտում էին արտադրել այնտեղ, ուր ծախսերն ավելի ցածր էին, իսկ շուկաները՝ հասանելի։ Այժմ տնտեսական հաշվարկներում վճռորոշ նշանակություն է ստանում անվտանգությունը։ Էժան արտադրանքը կորցնում է իր առավելությունը, եթե ճգնաժամի պահին դրա մատակարարումը կարող է դադարել։ Ուստի խոշոր տերությունները փորձում են իրենց վերահսկողության տակ պահել ռազմավարական արտադրությունը, տեխնոլոգիաներն ու կարևորագույն հումքի աղբյուրները։ Տնտեսական փոխկախվածությունը, որը տասնամյակներ շարունակ համարվում էր կայունության երաշխիք, մեծ տերությունների մրցակցության պայմաններում վերածվում է նաև քաղաքական ճնշման և անվտանգության խոցելիության աղբյուրի։ Համաշխարհային տնտեսության մեջ էժան արտադրության և ազատ առևտրի առավելությունների կողքին այժմ վճռորոշ նշանակություն ունի նաև պետության կարողությունը՝ պահպանելու իր տնտեսական անվտանգությունն ու ռազմավարական անկախությունը։ Պատմական շրջադարձն ակնհայտ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգները ձևավորեց միջազգային կարգ, որի հիմքում ազատ առևտուրն էր, բազմակողմ համագործակցությունն ու հավաքական անվտանգությունը։ Այդ համակարգը տասնամյակներ շարունակ ապահովեց ամերիկյան առաջնորդությունը և արևմտյան աշխարհի տնտեսական վերելքը։ Սակայն ժամանակի ընթացքում նույն համակարգի հնարավորություններից օգտվեցին նաև ԱՄՆ-ի մրցակիցները՝ հատկապես Չինաստանը, որը համաշխարհային շուկաների միջոցով վերածվեց արդյունաբերական և տեխնոլոգիական գերտերության։ Այժմ Վաշինգտոնը վերանայում է իր իսկ ստեղծած կարգի սկզբունքները՝ փորձելով վերականգնել վերահսկողությունը ռազմավարական արտադրության, տեխնոլոգիաների և անվտանգության նկատմամբ։ Ամերիկյան քաղաքականության այս շրջադարձը արտացոլում է ավելի խորքային փոփոխություն. տնտեսական փոխկախվածության պայմաններում ձևավորված աշխարհակարգը հարմարվում է մեծ տերությունների սրվող մրցակցությանը։ Ռուբիոյի ուղերձը Եվրոպային հստակ էր. անդրատլանտյան դաշինքի ապագան պահանջում է եվրոպական պետությունների ավելի մեծ ռազմական, արդյունաբերական և տնտեսական պատասխանատվություն։ Վաշինգտոնն ակնկալում է, որ դաշնակիցները կավելացնեն պաշտպանական ներդրումները, կզարգացնեն սեփական ռազմարդյունաբերությունը և կնվազեցնեն ռազմավարական կախվածությունները։ Այս համատեքստում Հունաստանը ներկայացվեց որպես հաջողված համագործակցության օրինակ։ Նրա դերը էներգետիկ անվտանգության, պաշտպանության և սահմանների վերահսկողության ոլորտներում ցույց է տալիս, թե ինչպիսի գործընկերներ է ցանկանում տեսնել Միացյալ Նահանգները։ Ռուբիոյի խոսքում ուրվագծվում է նաև անդրատլանտյան հարաբերությունների նոր տրամաբանությունը. Եվրոպայի ազդեցությունն ու անվտանգությունը գնալով ավելի մեծ չափով կախված են լինելու սեփական ուժն ամրապնդելու և ընդհանուր անվտանգության ապահովման գործում իրական ներդրում ունենալու կարողությունից։ Այստեղ ի հայտ է գալիս ամերիկյան նոր ռազմավարության գլխավոր հակասությունը. Վաշինգտոնը Եվրոպայից պահանջում է ավելի մեծ ինքնուրույնություն, սակայն ձգտում է պահպանել իր որոշիչ ազդեցությունը եվրոպական անվտանգության և ռազմավարական առաջնահերթությունների ձևավորման վրա։ Անդրատլանտյան հարաբերությունների ապագան բարդացնում են նաև տնտեսական ու քաղաքական տարաձայնությունները։ Վաշինգտոնը Եվրոպայից ակնկալում է ավելի մեծ ռազմական պատասխանատվություն, միաժամանակ ամերիկյան արդյունաբերության վերականգնմանն ուղղված քաղաքականությամբ ուժեղացնելով մրցակցությունը եվրոպական տնտեսությունների հետ։ Եվրոպական պետություններն իրենց հերթին ձգտում են զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը, ապահովել տեխնոլոգիական անկախություն և պահպանել ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Այստեղ բախվում են դաշնակիցների ռազմավարական շահերը։ Միացյալ Նահանգները ցանկանում է պահպանել արևմտյան աշխարհի առաջնորդությունը, իսկ Եվրոպան՝ մեծացնել իր ազդեցությունն այդ առաջնորդության պայմանների ձևավորման վրա։ Հետևաբար անդրատլանտյան միասնության ամրապնդումը պահանջելու է նաև տնտեսական շահերի, անվտանգության պարտավորությունների և քաղաքական ազդեցության նոր հավասարակշռություն։ Ռուբիոյի պատմական մեկնաբանության մեջ, սակայն, երկրորդ պլան է մղվում հունական քաղաքակրթության կարևորագույն դասերից մեկը։ Աթենքի հզորությունը սնվում էր նաև ազատ մտքի, հրապարակային բանավեճի և իշխանությանը հարցեր տալու մշակույթից։ Հույները քաղաքականությանը տվեցին մի գաղափար, որը հետագայում դարձավ արևմտյան ժողովրդավարության հիմքը. պետության ճակատագրի որոշմանը պետք է մասնակցեն քաղաքացիները, իսկ իշխանությունը ենթակա լինի հանրային քննության։ Հենց այս ավանդույթը թույլ տվեց Արևմուտքին զարգացնել ինքնաքննադատության, սխալներն ուղղելու և պետական հաստատությունները վերափոխելու կարողությունը։ Ուժի նկատմամբ հարգանքը հունական ժառանգության մի մասն է, իսկ դրա կիրառումը բանականությամբ ու օրենքով սահմանափակելու ձգտումը՝ նույն ժառանգության հիմնարար ձեռքբերումներից մեկը։ Պատմությունը ցույց է տալիս, որ պետության երկարատև հզորությունը կախված է նաև իշխանությունը վերահսկելու և օրենքի գերակայությունն ապահովելու կարողությունից։ Հռոմեական հանրապետությունը դարեր շարունակ ընդարձակեց իր ազդեցությունը՝ հենվելով ռազմական կազմակերպվածության, պետական հաստատությունների և քաղաքացիական ավանդույթների վրա։ Սակայն նվաճումների հետ աճող ռազմական առաջնորդների անձնական իշխանությունը, քաղաքական մրցակցության սրումն ու հանրապետական կառույցների թուլացումը ճանապարհ բացեցին միանձնյա կառավարման համար։ Հռոմը կայսրության օրոք հասավ իր տարածքային հզորության գագաթնակետին, սակայն աստիճանաբար փոխվեց իշխանության և հասարակության հարաբերությունը։ Այս փորձը կարևոր է նաև ժամանակակից Արևմուտքի համար. ռազմական ու տնտեսական գերազանցությունը կարող է մեծացնել պետության ազդեցությունը, իսկ ամուր հաստատություններն ու օրենքի գերակայությունն ապահովում են այդ ուժի կայունությունն ու շարունակականությունը։ Հայաստանի համար Ռուբիոյի ելույթը կարևոր է հատկապես Վաշինգտոնի ռազմավարական առաջնահերթությունները հասկանալու տեսանկյունից։ Ամերիկյան արտաքին քաղաքականության նոր տրամաբանությունը փոխում է նաև փոքր պետությունների հետ համագործակցության չափանիշները՝ ավելի մեծ նշանակություն տալով նրանց աշխարհագրական դիրքին, տնտեսական ներուժին, անվտանգության կարողություններին և տարածաշրջանային հաղորդակցություններում ունեցած դերին։ Վաշինգտոնի համար միջազգային գործընկերությունների արժեքը գնալով ավելի մեծ չափով որոշվում է դրանց ռազմավարական նշանակությամբ։ Առաջնահերթություն են ստանում այն պետությունները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային անվտանգությանը, ապահովել էներգակիրների ու ապրանքների փոխադրման հուսալի ուղիներ և մասնակցել տեխնոլոգիական ու արդյունաբերական համագործակցությանը։ Այս քաղաքականությունը նոր նշանակություն է հաղորդում նաև աշխարհագրությանը։ Տրանսպորտային հանգույցները, էներգետիկ կապերն ու առևտրային այլընտրանքային ճանապարհները դառնում են միջազգային ազդեցության կարևոր գործոններ։ Նման պայմաններում նույնիսկ փոքր պետությունները կարող են մեծացնել իրենց քաղաքական կշիռը՝ աշխարհագրական դիրքը, տնտեսական հնարավորություններն ու ենթակառուցվածքները վերածելով ռազմավարական առավելությունների։ Այս փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար։ Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների խորացումը, TRIPP նախագիծը, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումն ու էներգետիկ համագործակցությունը տեղավորվում են Վաշինգտոնի նոր ռազմավարական առաջնահերթությունների շրջանակում։ Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել Սև ծովը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող տնտեսական ու տրանսպորտային համակարգում՝ նպաստելով առևտրային ուղիների բազմազանեցմանը և տարածաշրջանի տնտեսական փոխկապակցվածությանը։ Այս հնարավորության քաղաքական արժեքը Հայաստանի համար տնտեսական կախվածությունների նվազեցումն է, միջազգային գործընկերությունների ընդլայնումը և սեփական ինքնիշխանության ամրապնդումը։ Աշխարհագրական դիրքը ռազմավարական առավելություն է դառնում հետևողական պետական քաղաքականության շնորհիվ։ Դրա համար Հայաստանին անհրաժեշտ են զարգացած ենթակառուցվածքներ, արդյունավետ պետական կառավարում, հուսալի անվտանգության համակարգ և ներդրումների համար կանխատեսելի միջավայր։ Միջազգային գործընկերների հետաքրքրությունը երկարաժամկետ արդյունք կտա, եթե երկիրը կարողանա ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը և սեփական տարածքով անցնող տնտեսական կապերի կայունությունը։ Հայաստանի խնդիրը աշխարհագրական հնարավորությունները տնտեսական զարգացման, քաղաքական ազդեցության և պետական ինքնուրույնության ամրապնդման իրական միջոցների վերածելն է։ Մեծ տերությունների մրցակցության սրումը փոքր պետություններից պահանջում է առավել հաշվարկված և ինքնուրույն քաղաքականություն։ Հայաստանի համար բացվող հնարավորությունները կարող են արագ վերածվել նոր կախվածությունների, եթե դրանց հետևում չլինեն հստակ ազգային առաջնահերթություններ և երկարաժամկետ ռազմավարություն։ Ուստի Հայաստանի գլխավոր խնդիրը սեփական տնտեսական, պաշտպանական և տեխնոլոգիական կարողությունների զարգացումն է, արտաքին կապերի բազմազանեցումն ու որոշումներ կայացնելու ազատության ընդլայնումը։ Միջազգային քաղաքականության մեջ երկրի իրական կշիռը, ի վերջո, որոշվում է սեփական շահերը պաշտպանելու և արտաքին ճնշումներին դիմակայելու կարողությամբ։ Ակրոպոլիսի դիմաց Ռուբիոյի ելույթը հստակ պատկերացում տվեց ձևավորվող աշխարհակարգի մասին։ Մեծ տերությունների մրցակցությունն աստիճանաբար ընդգրկում է տնտեսական և քաղաքական կյանքի բոլոր կարևոր ոլորտները։ Արդյունաբերությունը, էներգետիկան, տեխնոլոգիաներն ու ռազմական կարողությունները դառնում են միասնական ռազմավարության մաս։ Այս պայմաններում պետությունների միջազգային ազդեցությունը գնալով ավելի մեծ չափով որոշվելու է սեփական ռեսուրսները վերահսկելու, նոր տեխնոլոգիաներ ստեղծելու և տնտեսական հզորությունը քաղաքական ու անվտանգային առավելության վերածելու կարողությամբ։ Պարթենոնը վկայում է, որ քաղաքակրթությունների պատմական ուժը չափվում է նաև իրենց ստեղծած արժեքների կենսունակությամբ։ Աթենքի քաղաքական հզորությունը վաղուց անցյալում է, սակայն նրա փիլիսոփայական միտքը, գիտական ժառանգությունն ու պետական կառավարման գաղափարները շարունակում են ազդել ժամանակակից աշխարհի վրա։ Այսօր էլ պետությունների երկարաժամկետ հաջողությունը կախված է կրթության որակից, գիտության զարգացումից, պետական հաստատությունների ամրությունից և հասարակության ստեղծագործական ներուժից։ Համաշխարհային մրցակցության մեջ կայուն դիրք կարող են ապահովել այն երկրները, որոնք ունակ են զարգացնելու սեփական կարողությունները, դիմակայելու ճգնաժամերին և ինքնուրույն տնօրինելու իրենց ապագան։ Հայաստանի համար Աթենքից հնչած ուղերձի գլխավոր դասը պետական ուժի իրական աղբյուրները հասկանալն է։ Ինքնիշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ են զարգացած տնտեսություն, ամուր պետական հաստատություններ, պաշտպանական կարողություններ և սեփական շահերը հետևողականորեն առաջ տանելու քաղաքական կամք։ Մեծ տերությունների մրցակցության պայմաններում Հայաստանի ապագան կախված է լինելու արտաքին կախվածությունները նվազեցնելու, միջազգային հնարավորությունները ճիշտ օգտագործելու և սեփական որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու կարողությունից։ Անկախության իրական արժեքը սեփական ճակատագրի նկատմամբ վերահսկողությունն է։