Շենքի ճակատային մասը պարզապես շենքի արտաքին կողմը չէ։ Այն քաղաքի դեմքն է, որն առաջինն են տեսնում նրա բնակիչներն ու հյուրերը։ Ախալքալաքում բազմաթիվ բազմաբնակարան շենքերի վիճակը ցույց է տալիս, թե որքան անհրաժեշտ է քաղաքի բնակելի ֆոնդի համակարգային թարմացումը։ Հատկապես նկատելի է Աղմաշենեբելի փողոցում, որտեղ առանձին բազմահարկ շենքերի ճակատները գտնվում են ծայրահեղ վատ վիճակում։ Պատերի թափված ծեփը, քայքայված սվաղը, վնասված պատշգամբները և տարիների մաշվածության հետքերը լքվածության տպավորություն են ստեղծում։ Աղմաշենեբելի փողոցի բազմաբնակարան շենքերը։ Խնդիրը վերաբերում է ոչ միայն քաղաքի արտաքին տեսքին։ Հին շենքերի ճակատային հատվածները կարող են նաև տեխնիկական վտանգ ներկայացնել․ ժամանակի ընթացքում պատշգամբների և այլ կառուցատարրերի վիճակը վատանում է, շենքից կարող են պոկվել սվաղի և երեսպատման տարրեր։ Միևնույն ժամանակ, Ախալքալաքում այս խնդիրը նոր չէ։ Քաղաքում արդեն իրականացվել են առանձին շենքերի և կենտրոնական փողոցների վերակառուցման ծրագրեր։ Սակայն մի քանի օբյեկտների մասնակի վերանորոգումը խնդիրն ամբողջությամբ չի լուծում։ Բազմաթիվ բազմահարկ շենքեր, հիմնականում Աղմաշենեբելի, Նալբանդյան և Երևանյան փողոցներում, դեռևս մնում են առանց հիմնանորոգման։ Ախալքալաքի քաղաքապետարանում կարծում են, որ շենքերի ճակատային հատվածների վերանորոգման աշխատանքները կարևոր են, սակայն կան ավելի առաջնահերթ խնդիրներ։ «Ընդհանուր առմամբ, մունիցիպալիտետում շենքերի ճակատային հատվածների վերականգնման աշխատանքները խնդիր են։ Ընդհանրապես, ճակատների վերականգնման վերաբերյալ մունիցիպալ պլանում կա դրույթ, ըստ որի՝ կենտրոնական փողոցներում գտնվող բազմահարկ շենքերի ճակատները պետք է վերանորոգվեն, քանի որ հարցը վերաբերում է նաև քաղաքի արտաքին տեսքին։ Սակայն կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել։ Կան ավելի առաջնահերթ խնդիրներ։ Բայց մենք հույս ունենք, որ առաջիկա 2–3 տարիների ընթացքում դա կիրականացվի, ինչպես եղավ բազմաբնակարան շենքերի տանիքների դեպքում»,– ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։