Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմանը, ռուսական և ղազախական ընկերությունների ներգրավվածությանը, ինչպես նաև պաշտոնյաների վարձատրության նոր համակարգին: Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը՝ Երասխի և Գյումրիի հատվածների վերականգնմանն աջակցելու վերաբերյալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը։ «Մյուս շաբաթ Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներով»,-ասաց նա։ Վարչապետը նաև հավելեց, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցում հետաքրքրություն է ցուցաբերել նաև ղազախական ընկերություն։ Պատասխանելով պաշտոնյաների աշխատավարձերի ու պարգևավճարների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց կատարողականի վրա հիմնված վարձատրության պիլոտային համակարգը։ Նրա պնդմամբ՝ համակարգի ներդրման շնորհիվ բարձրացվել են կենսաթոշակները և ներդրվել է առողջության համապարփակ ապահովագրությունը, որից օգտվում են քաղաքացիները։ Ըստ Փաշինյանի՝ պատշաճ վարձատրությունը պետական ապարատում բարձրակարգ մասնագետների է պահում և նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը։ «Ես հասկանում եմ, որ դա մեծ քաղաքական ռիսկ է և ականջահաճո չէ, բայց ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը և համարում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է»,-նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան