Լուսանկարում՝ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, էկրանակադրը՝ ՀՀ ՔԿ տեսանյութից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Սիրիայի Հանրապետության տարածքում չեն իրականացնում պատժի կատարման անմիջական վարչական կամ քրեակատարողական վերահսկողություն։ Այսպես են պատասխանել ՀՀ արդարադատության նախարարությունից «Ինֆոքոմ»-ի այն հարցին, թե արդյոք գերատեսչությունն ունի՞ տեղեկություն՝ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված և հետագայում Սիրիային փոխանցված 2 անձանց նկատմամբ կայացված դատավճիռը շարունակո՞ւմ է կատարվել իրենց քաղաքացիության պետությունում։ Հիշեցնենք՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին՝ 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել էին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկու վարձկան ահաբեկիչներ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին: ՀՀ քննչական կոմիտեում նրանց վերաբերյալ քրեական վարույթներ էին նախաձեռնվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում միջազգային ահաբեկչությունը և վարձկանությունը։ «Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ»,- 2020 թվականի նոյեմբերի 1-ին այսպես էր արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրիացի վարձկանի ձերբակալման լուրին ՝ հայտարարելով, որ «սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ»։ Այս տարվա սկզբին՝ 2026-ի հունվարին, ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին , Թուրքիայի միջոցով փոխանցվել էին Սիրիայի իրավասու մարմիններին ՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո։ Պատժի մնացած մասն իրենց երկրի քրեակատարողական հիմնարկում կրելու խնդրանքով դիմել էին Ալ-Հաջին և Ալ-Շխերին: Այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարարությունը չէր պատասխանել այն հարցին , թե պատժի կրման շարունակականության ապահովման մասով ինչ երաշխիք է ստացել, որ վարձկաններին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետությանը։ «Ինֆոքոմ»-ը, ի թիվս դատավճռի շարունակականության վերաբերյալ հարցի, այս տարվա սեպտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությանը գրավոր հարցմամբ խնդրել էր հայտնել նաեւ՝ նշված անձանց Սիրիա փոխանցման շրջանակում Հայաստանի եւ Սիրիայի իրավասու մարմինների միջեւ ձեռք բերվե՞լ է որեւէ պայմանավորվածություն՝ փոխանցումից հետո նրանց նկատմամբ նշանակված պատժի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման մասին, եւ եթե այո, ապա ինչպիսի՞ տեղեկություններ պետք է տրամադրվեն Հայաստանի իրավասու մարմիններին եւ ի՞նչ պարբերականությամբ։ Նշել էինք նաեւ, որ եթե նման պարբերական տեղեկատվության տրամադրման պարտավորություն նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի հիմքով սեփական նախաձեռնությամբ դիմե՞լ է Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ տեղեկություն հայցելու նշված անձանց նկատմամբ նշանակված ցմահ ազատազրկման պատիժների կատարման ընթացքի վերաբերյալ կամ, ընդհանուր առմամբ, նշված անձանց նկատմամբ Հայաստանում կայացված դատավճիռների հետագա կատարման նկատմամբ Հայաստանի իրավասու մարմինները որեւէ ձեւով տեղեկատվական վերահսկողություն իրականացնո՞ւմ են։ ՀՀ արդարադատության նախարարությունից սեպտեմբերի 29-ին գրավոր պատասխանել են, որ Ալ-Շխերիի և Ալ-Հաջիի փոխանցումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան՝ Սիրիայի համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Պատասխանում իրավասու գերատեսչությունից նշել են միայն այն, որ «փոխանցումից հետո նշանակված պատժի կատարման կազմակերպումն ու դրա հետագա ընթացքը գտնվում են ընդունող պետության՝ Սիրիայի իրավասու մարմինների իրավազորության ներքո և իրականացվում են այդ պետության օրենսդրությանը համապատասխան»․ «Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Սիրիայի Հանրապետության տարածքում չեն իրականացնում պատժի կատարման անմիջական վարչական կամ քրեակատարողական վերահսկողություն»,- ասված է Արդարադատության նախարարության պատասխանում։ The post Հայաստանը տեղեկություն չունի Սիրիային հանձնված 2 վարձկանների դատավճռի կատարման մասին appeared first on Infocom .