ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։ Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը, այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։Հաղորդագրության համաձայն` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ Մասնավորապես՝ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը:Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։Ժաննա Անդրեասյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։Ժաննա Անդրեասյանը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն։Նրանք հարգանքի տուրք են մատուցել այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին:Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի։