Օգոստոսի 8-ից ավելի քան մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը, բայց միաժամանակ խաղաղությունն այսքան փխրուն վաղուց չի թվացել։ Բաքուն ասում է՝ խաղաղությունն արդեն փաստ է, սակայն շարունակում է Հայաստանից պահանջել Սահմանադրության փոփոխություն, խոսել Հայաստանում «ռևանշիզմի» մասին, միջազգային հարթակներ տանել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը և վիճարկել հայկական պատմամշակութային ժառանգության պատկանելությունը։ Հոկտեմբերի 2-ին Իլհամ Ալիևը ևս հայտարարել էր, որ Հայաստանում տարածքային պահանջների գաղափարները դեռ պետք է հաղթահարվեն։ Մոսկվան այս պահին փորձում է վերադարձնել 2020–2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների լեզուն և «3+3»-ի ձևաչափը, իսկ Բաքվում նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը և այլ գործիչներ կրկին հիշեցնում են նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ Միաժամանակ ԱՄՆ-ը արագացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքը։ Այս ամենի մեջ Շաքիի միջադեպը ցույց տվեց ամենաբարդ խնդիրը․ նույնիսկ եթե պատերազմն ավարտվում է, խաղաղությունը դեռ պետք է կարողանալ պահել։ Զրուցակիցս ադրբեջանագետ Դիանա Կարապետյանն է։ Փորձել ենք հասկանալ՝ ինչ է այսօր քննարկվում Բաքվում և արդյոք Երևանն ու Բաքուն նույն խաղաղությունն են պատկերացնում։