ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային գերակա շահի անվան տակ մեր երկրում քողարկում են բիզնես կամ կոռուպցիոն շահերը։ Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում այս մասին ասել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը։«Օրենսդրության անվան տակ մարդկանց պարզապես ունեզրկում են»,– նշում է նա։Նրա դիտարկմամբ` սեփականատերերից օտարված տարածքներում այսօր հիմնականում բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի թաղամասեր են կառուցվում, ինչը, ըստ նրա, հակասում է օրենքի տրամաբանությանը։Անշարժ գույքից բացի մեր երկրում հանրային գերակա շահը կիրառվում է նաև մասնավոր տնտեսական ակտիվների պետականացման գործընթացներում։Հանրային գերակա շահ ճանաչելու նպատակով է, օրինակ, ՀՀ կառավարությունը հիմնավորել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը պետականացնելու մասին սեպտեմբերին ներկայացված նախագիծը։Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունն էլ թեև ՀՀ պետական կառավարմանն ու պահպանմանն է հանձնված Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, բայց մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ հայտարարել էր գործարանը պետականացնելու մտադրության մասին:Հանրային գերակա շահի անվան տակ իրականացվող այս գործընթացները փաստաբանը խիստ խնդրահարույց է համարում` նկատելով. «Հետաքրքիր զուգադիպությամբ ընթացակարգը կիրառվում է կոնկրետ այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական այլ հայացքներ ունեն։ Երկրորդ` որտե՞ղ է այն երաշխիքը, որ պետությունն այս ընկերություններն ավելի լավ կկառավարի, և հանրությունը դրանից կօգտվի»։Փաստաբանը չի բացառում նաև, որ հօգուտ հանրության ներկայացվող գործընթացը կարող է նույնիսկ հանրության շահերին վնասող հետևանքների հանգեցնել, օրինակ` աշխատատեղերի փակման կամ ներդրումների դադարեցման։Նշենք, որ 2006 թվականին ընդունված «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը վերջին անգամ փոփոխվել և լրացվել է 2026թ–ի փետրվարի 11-ին։Սահմանված որոշ նոր ընթացակարգեր Աշոտ Նուրիջանյանը «մսաղաց» է անվանում` նշելով, որ եթե նախկինում պետություն-հարձակվող և քաղաքացի-պաշտպանվող հարաբերություններում կամ մի մեծ ֆիլտր` դատարանը, ապա այսօր քաղաքացուց նրա գույքը վերցնելու համար պետությունն այլևս դատարան չի դիմում։ Ընդամենը ծանուցում է քաղաքացուն իր որոշման մասին, որից հետո դիմում է կադաստր`տվյալ գույքի նկատմամբ անձի սեփականությունը դարձնելով ՀՀ սեփականությունը։ Դրանից հետո ոստիկանությունը վտարում է քաղաքացուն իր տնից։Այս պարագայում արդեն քաղաքացին պետք է դատարան դիմի։ Եվ, քանի որ ապացուցման բեռն ամբողջությամբ մնում է քաղաքացու ուսերին, նա նաև ստիպված պետք է սեփական միջոցներով գնահատող ընկերություն վարձի, նոր գնահատում իրականացնի, որի հիմքով կկարողանա նոր փոխհատուցում պահանջել։Ընդ որում, դատարանն այդ ընթացքում հայցի ապահովում չի կարող կիրառել։ Օրինակ` չի կարող կասեցնել գերակա շահ ճանաչված տան քանդումը` մինչ դատական պրոցեսի ավարտը։ Ու թե ինչպես է գնահատվելու քանդված տան արժեքը, սա արդեն հարցի հաջորդ կողմն է։Փաստաբան Աշոտ Նուրիջանյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։