Երևանի պետական համալսարանում շուրջ 700 ուսուցչի մասնակցությամբ անցկացվել է «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով համաժողովը։ Մասնագիտական քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել 21-րդ դարում ընթերցանության, թվային միջավայրում տեքստերի ընկալման և PISA 2025-ի մարտահրավերներին։ ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև մասնագիտական քննարկումներ, թեմատիկ աշխատարաններ: Պանելային քննարկումները վերաբերել են ընթերցանության խթանմանը. որպես բանախոսներ՝ հանդես են եկել կրթության փորձագետներ, դասագրքերի հրատարակիչներ և հեղինակներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ «Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկումը վարել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Մասնակցել են ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Դանիելյանը և «Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցներն աշխատել են չորս թեմատիկ բաժիններում՝ անդրադառնալով դասագրքի ընթերցման առանձնահատկություններին, գեղարվեստական տեքստի ընկալմանն ու հեղինակային խոսքին, PISA 2025-ի համատեքստում ընթերցանության մարտահրավերներին, ինչպես նաև թվային միջավայրում տեքստերի ընկալման և ընթերցանության հարցերին։ ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական համաժողովն անցկացրել է ԵՄ աջակցությամբ` ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԵՊՀ-ի և ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ: Երևանի պետական համալսարանում կազմակերպված համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից»: