ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի ղեկավար, նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է երկրի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժման դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին:Նախագահական խորհրդի ղեկավարը հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել առաջ շարժվող բանակային ստորաբաժանումներին, ինչպես նաև դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով աջակցել Եմենի «օրինական կառավարությանը»։Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա շաբաթներին հարձակողական գործողություն իրականացնել՝ Եմենում «Անսար Ալլահ» շարժման զբաղեցրած տարածքները «վերադարձնելու» նպատակով։Telegram-ալիքները հայտնում են, որ հութիները գրավել են Ալ-Սաֆիա խաչմերուկը՝ փակելով Թաիզ և Ադեն քաղաքները միացնող ճանապարհը։ Որոշ տվյալներով՝ ռազմավարական կարևորություն ունեցող Թաիզ քաղաքը լիովին շրջապատված է հութիների կողմից:Նշվում է նաև, որ «Անսար Ալլահի» մարտիկները գրավել են Եմենի խորհրդարանի խոսնակ Սուլթան ալ-Բարաքանիի նորակառույց շքեղ առանձնատունը։«Անսար Ալլահը» շարունակում է հարձակումը նաև Էլ-Աալյումի ուղղությամբ․ դա Եմենի ղեկավար, նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հարազատ շրջանն է, որտեղ գտնվում է նրա տունը:Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր չորս տարի, ակտիվ փուլ է անցել հուլիսի կեսերին, երբ Սաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին այն պահին, երբ այնտեղ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարությունը փոխադրող իրանական ինքնաթիռը։ Ի պատասխան հութիները թագավորությանը ծովային շրջափակում հայտարարեցին՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում նրանց նավերի վրա: