«ԱԼԻՔ», Կ. Դ. – Նախաձեռնութեամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան, երէկ հոկտեմբերի 2-ին «Յ. Թումանեան» դահլիճում գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր էր կազմակերպւել։ Ծրագրին իրենց մասնակցութիւնն էին բերել «Ակունք» եւ «Կակաչ» պարային համոյթները եւ Նոր Ջուղայից հրաւիրւած հանրայայտ ազգային ազգագրական երգերի կատարող Արթին Քեշիշեանը լսարանին ներկայացնելով ազգային, ազգագրական եւ հայրենասիրական երգեր: «Կակաչ» պարային համոյթի ղեկավարն է՝ Արուս Սարգսեանը, պարուսոյց-փորձավար եւ բեմադրիչ՝ Արմինէ Աւագեանը: «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչն է՝ Կարինէ Մանուչերեանը: Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ օրւայ հաղորդավար Մարթին Աղանեանսը փոխանցելով Կենտրոնական վարչութեան խօսքը համապարփակ գծերով անդրադարձաւ ծրագրի նպատակների մասին: Նա անդրադառնալով ներկայի տնտեսական պայմաններին կարեւորեց միութեան նիւթական կարիքները մասամբ հոգալու նպատակով կազմակերպած միջոցառմանը: Նա ընդգծեց, որ միութեան Կենտրոնական վարչութեան մտայղացմամբ կազմակերպւել է այս միջոցառումը, որը մեր հայրենակիցներին եւ ի մասնաւորի մեր նոր սերնդին միութենական աշխատանքներին մղելով եւ նրանց մօտ մշակոյթի միջոցով ազգային ոգին փոխանցելով, մասամբ կը նպաստի միութեան նիւթական կարիքներին: Ապա միութեան յարկի տակ աշխատող պարային համոյթների սաները եւ երգիչ Արթին Քեշիշեանը մերդ ընդմերթ հանդիսատեսին ներկայացրեցին ազգային-հայկական պարերի եւ երգերի շարան: Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ դկտր. Արա Շահվերդեանը եւ դկտր. Գեղարդ Մանսուրեանը, «Ալիք» հաստատութեան, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներ, հրաւիրեալներ եւ հանդիսատեսներ։ Աւելի քան մէկ ժամ հանդիսատեսը ոգեւորութեամբ վայելեց գեղարւեստական յայտագրին, որից յետոյ հրաւիրւեց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սերժիկ Հաքեանը, ով գնահատելով գեղարւեստական յայտագիրը իրականացնողներին անդրադարձաւ միութեան կողմից իրականացւող մի շարք ծրագրերին, որոնց նպատակը ոչ միայն միութիւնը աշխուժ պահելն է, այլ մասամբ միութեան համար ապահովել նիւթական դիւրութիւններ: Նա ապա հրաւիրեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին յանուն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի խօսք փոխանցելու: Իր ելոյթի ընթացքում Տէր հայրը կարեւորութեամբ ընդգծեց հայկական ոգու սերմանմանը հայ նոր սերնդի մօտ, եւ նշեց քանի դեռ հայկականութեան ու ազգային ոգին տրոփում է հայ ժողովրդի եւ ի մասնաւորի նոր սերնդի սրտերում, ոչ ոք չի կարող հայի հոգուց ջնջել նրա ազգային արժէքները՝ Արարատ լեռը, Արցախը եւ այն ամէնը ինչ հայկական է: Վերջում գնահատւեցին պարային համոյթների ղեկավարները եւ ազգային-ազգագրական երգերի կատարողը: