Իրաքի կառավարության պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից։ Պաշտոնյան կիրակի dpa գործակալության հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ բոլոր մարտական ​​ստորաբաժանումներն ու նյութատեխնիկական ապահովման ուժերը լքել են երկիրը։ Միացյալ Նահանգների կողմից պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։ Իրաքը և ԱՄՆ-ն զորքերի դուրսբերման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել 2024 թվականին։ Պենտագոնի տվյալներով՝ վերջին տարիներին Իրաքում տեղակայված է եղել ԱՄՆ-ի շուրջ 2500 զինծառայող։ Մինչ դուրսբերումը ԱՄՆ-ի զինված ուժերը տեղակայված էին Էրբիլում՝ քրդական շրջանում, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմաբազայում, ինչպես նաև մայրաքաղաքի կառավարական շրջանում, որը հայտնի է «Կանաչ գոտի» անվանումով։ ԱՄՆ-ն ու դաշնակից երկրները 2014 թվականին Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական արշավ էին սկսել։ Ծայրահեղական խմբավորումը 2017 թվականին Իրաքում, իսկ 2019 թվականին՝ Սիրիայում, հայտարարվել է ռազմական առումով պարտված։ «Իսլամական պետության» առանձին բջիջներ շարունակում են ակտիվ մնալ և ժամանակ առ ժամանակ հարձակումներ իրականացնել, բայց խմբավորումը կորցրել է երկու երկրներում նախկինում իր վերահսկողության տակ գտնվող ընդարձակ տարածքները։ Իրաքում անվտանգության իրավիճակը կրկին վատթարացել է Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո։ Ներկայիս իրանա-ամերիկյան պատերազմի ընթացքում իրականացվել են հարյուրավոր հարձակումներ, այդ թվում՝ Իրաքում ԱՄՆ-ի օբյեկտների և զինծառայողների, ինչպես նաև քրդական ուժերին պատկանող թիրախների ուղղությամբ։ Չորեքշաբթի Իրաքում կմեկնարկեն տոնական օրեր, երբ պաշտոնապես լրանա ԱՄՆ զորքերի դուրսբերման վերջնաժամկետը։ Այդ առիթը նշվելու է որպես «Անկախության օր», պետական հաստատությունները փակ կլինեն։ Իրաքում Իրանի հետ սերտ կապեր ունեցող զինված խմբավորումներն ի սկզբանե պետք է զինաթափվեին և ինտեգրվեին պետական անվտանգության համակարգին՝ ԱՄՆ զորքերի դուրսբերմանը զուգահեռ։ Իրաքի վարչապետ Ալի ալ-Սաիդիի կողմից հայտարարված այդ գործընթացը հետագայում հետաձգվել է և այժմ նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա հունիսին։ ԱՄՆ-ն ու դաշնակիցները 2003 թվականին, չնայած միջազգային քննադատությանը, ներխուժել էին Իրաք և տապալել այն ժամանակվա ղեկավար Սադամ Հուսեյնին։ ԱՄՆ զինված ուժերը, 2011 թվականին դուրսբերումից հետո, 2014 թվականին վերադարձել էին Իրաք երկրի կառավարության խնդրանքով՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի